«Ամերիկան վերադարձավ»: «Դիվանագիտությունը վերադարձավ մեր արտաքին քաղաքականության կենտրոն»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը: Նա նշել է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը վերջ կդնի մեկուսի քաղաքականությանը, որը վարել է ԱՄՆ-ի նախորդ ղեկավար Դոնալդ Թրամփը, կուժեղացնի հակազդեցությունը Ռուսաստանի եւ Չինաստանի ենթադրյալ թշնամական քայլերին:
Փետրվարի 4-ին Fox News հեռուստաալիքի եթերում ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հակադարձել է Բայդենին. «Նա նկատի ունի՞ արդյոք, որ Ամերիկան վերադարձել է այն ժամանակը, երբ «Իսլամական պետության» (ԻՊ ահաբեկչական խմբավորում) վերահսկողության տակ էր խալիֆաթը, որը տարածքով հավասար էր Մեծ Բրիտանիային: Ես հուսով եմ՝ ոչ: Նախագահ Թրամփը եւ մեր անձնախումբը լուծել է այդ հարցը: Երբ նա ասում է «Ամերիկան վերադարձավ», դա նշանակու՞մ է արդյոք, որ նա վերադարձավ այն բանին, որ Չինաստանը կրկին մեզ բանի տեղ չդնի, միլիոնավոր աշխատատեղեր ոչնչացնի Կանզասում կամ Հարավային Կարոլինայում: Հուսով եմ՝ վերադարձ ասելով դա նկատի չունի։ Երբ նա խոսում է դաշնակիցների մասին, նշանակու՞մ է արդյոք դա վերադարձ դեպի այն բանը, որ անտեսենք դաշակիցերին եւ բարեկամներին, ինչպիսին Իսրայելն է, եւ Իրանում ահաբեկչների հետ վարվենք, ինչպես բարեկամների հետ՝ 150 միլիոն կանխիկ դոլար տրամադրելով նրանց: Ես համոզված չեմ, որ ամերիկացիները կարող են իրենց թույլ տալ արտաքին քաղաքականության եւս ութ տարի, որը Բարաք Օբամայի օրոք էր: Հուսով եմ՝ նրանք կընտրեն արտաքին քաղաքական ուղեգիծ, որն ավելի շատ նման կլինի մեր ուղեգծին, երբ Ամերիկան առաջին տեղում էր»: