Դավիթ Սարգսյանը ծառայության ժամանակ ստացած վնասվածքի պատճառով վեց տարի է՝ անվասայլակին է: Շտապում է հենաշարժողական սարքավորումներ արտադրող «ՔայլՏեք» ընկերության գրասենյակ, որտեղ փորձարկվում է ընկերության նախագծած ու արտադրած վերականգնողական կանգնակ-սայլակը:
Սարքավորումը ողնուղեղային վնասվածքով մարդուն հնարավորություն է տալիս տեղաշարժվելու թե՛ նստած, թե՛ կանգնած վիճակում: Դավիթը վերջին անգամ ոտքի վրա կանգնել է մեկ տարի առաջ վերականգնողական կենտրոնում:
«Մեծ հաճույք եմ ստանում, բերկրանք եմ ապրում կանգնելուց, երեւի քայլող մարդը դա չի հասկանա»:
Այս սարքի օգնությամբ հնարավոր է վերականգնվել տնային պայմաններում, կանգնած դիրքում ինքնուրույն կատարել ամենապարզ գործողություններ:
«Մեզ հակացուցված է երկար նստել, բայց պարանոցի կոտրվածք ունեցողը կարող է ճնշման տատանման ժամանակ պառկել, այսինքն, եթե սայլակը լինի, ինքը այդ թույլ տատանման ժամանակ ինքնակառավարվող սարքով հեշտությամբ կպառկի, ու ճնշումը կկարգավորվի»,- ասում է Դավիթը:
Կինեզիոլոգ Դավիթ Արսենյանն ու նրա ընկերները սարքը ստեղծելու միտքը հղացան ապրիլյան պատերազմից հետո, երբ մեծ թվով զինվորներ հաշմանդամ դարձան:
«ՔայլՏեք» ընկերության տնօրենը նկատում է. «Երկար բուժվում են, որոշակի կայուն վիճակի են հասնում, գնում են տուն ու նորից նստակյաց վիճակը հետընթաց է ապահովում: Վերականգնողական բուժումը պետք է լինի ամբողջ կյանքի ընթացքում, մեկ-երկու անգամը քիչ է, այդ պատճառով որոշեցինք ստեղծել այնպիսի սարքավորումներ, որոնց օգնությամբ տղաները տանն էլ կկարողանան պարապել»:
Ծրագրավորող, մեխանիկ, ինժեներ, կինեզիոլոգ, թերապեւտ… տարբեր մասնագետներից կազմված թիմն արագ հավաքվեց, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի աջակցությամբ գործի անցավ:
Քայլակ, ուղղահայաց դիրքի բերող շարժական հենակ՝ վերտիկալիզատոր… մի քանի սարք արդեն նվիրաբերել են հիվանդանոցներին ծանր վիրավորների համար:
Մասնագետներն ասում են. «Բուն հաշմանդամության հետ նստակյաց կյանք վարելու հետեւանքով զարգանում են մի շարք այլ հիվանդություններ, եթե օրինակ, կանգնակի միջոցով օրվա ընթացքում մոտ 30 րոպե մարդը կանգնի սեփական ոտքերի վրա, խնդիրներ պարզապես չեն առաջանա»:
Ընկերության հաջողված սարքերից է սմարթֆոնով կառավարվող էկզոկմախքը, որը վերադարձնում է քայլելու հնարավորությունը: Էկզոկմախքը արձագանքում է մարմնի շարժումներին, պահում է հավասարակշռությունը:
«ՔայլՏեք»-ի հիմնադիրն ասում է. «Սարքը թանկ է, աշխարհում էկզոկմախք արտադրում է մի քանի պետություն, դրա համար ինստիտուցիոնալ մոտեցում է պետք: Հայաստանում մեզ հաջողվել է, ու շուտով մենք կունենանք առաջին քայլող մոդելը»:
«Կանգնակ-սայլակի առաջին մոդելի ստեղծման վրա ծախսվել է 970 000 դրամ, սերիական արտադրության դեպքում ավելի մատչելի կլինի»,- վստահեցնում է ընկերության հիմնադիրը:
Ֆունկցիոնալությամբ այն չի զիջում դրսում արտադրված էլեկտրական քայլակներին: Շուրջ մեկ տարվա աշխատանք է այս սարքը, բայց ըստ ծրագրավորող Արմեն Սողոյանի՝ համապատասխան պայմանների դեպքում հնարավոր է ավելի սեղմ ժամկետում գլուխ բերել։
«Մեզ մոտ ո՛չ նյութեր կան, ՛ոչ արտադրական միջավայր, որտեղ կարող ես գծել մեխանիկական սարքի նախագիծ, դետալներ, որոնք կարտադրվեն, ստիպված ուղարկում ենք Չինաստան, երկու շաբաթ է տեւում: Սա մոտ կես տարվա գործ է, այդ դեպքում հազարներով կարելի է արտադրել»:
«Էլեկտրական սայլակներ տեղափոխելու համար առանձին մեքենա է պետք»,-ասում է Դավիթ Արսենյանն ու հավելում, «մեր սայլակները ծալվում, նույնիսկ բեռնախցիկում են տեղավորվում»:
Յուրաքանչյուր սայլակ նախագծելիս, արտադրելիս անհատական մոտեցում է ցուցաբերվում, հաշվի են առնվում մարմնի կառուցվածքը, առանձնահատկությունները:
Արմեն Սողոյանն ասում է. «Հաշմանդամ դարձած զինվորները պետք է մեզնից ավելի լավ կյանք ապրեն, դրա համար մեր բոլորիս քրտնաջան աշխատանքն է պետք, որ կարողանանք նրանց կյանքի որակը բարելավել»։ Դրսից սարքեր գնելը նա ճիշտ ճանապարհ չի համարում:
«ՔայլՏեք» ընկերության հիմնադրի խոսքով, արտադրությունից հետո Սոցապ Նախարարության միջոցով կարիքի գնահատում կարվի, պետպատվերի շրջանակում զինհաշմանդամներին կտրամադրվեն սայլակներ: Այս պահի դրությամբ դեռ չկա պայմանավորվածություն, սարքը վերջնական չէ, բայց գործարկելու դեպքում, ընկերության աշխատակիցները հուսով են կգտնվեն նաեւ այլ բարեգործական կազմակերպություններ, անհատ բարերարներ, որոնց օգնությամբ արտադրությունը մեծ թափ կստանա:
Դավիթ Սագսյանի կարծիքով այս կանգնակ-սայլակն իր կառուցվածքով, անիվների ձեւով կարող է ծառայել որպես մինի-մեքենա, երթեւեկելիս դժվարությունները հեշտ կհաղթահարվեն, ինչին ամեն օր Դավիթը բախվում է անվասայլակով շարժվելիս: Երեւանյան քիչ փողոցներ ու շենքեր են հարմարեցված անվասայլակների համար, ճիշտ կառուցված թեքահարթակներն էլ կարելի է մատների վրա հաշվել:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։