Ռուսաստանը արտաքսել է եվրոպացի երեք դիվանագետների՝ Ալեքսեյ Նավալնու աջակցության ցույցերին ներկա լինելու համար: Դրա մասին հայտնել է EU Observer-ը՝ հղում անելով Եվրամիության աղբյուրներին:
Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Գերմանիայի, Լեհաստանի եւ Շվեդիայի ներկայացուցիչներին հրավիրել են ԱԳՆ եւ կարդացել բողոքի նոտա՝ հունվարի 23-ին «դիվանագիտական կորպուսի աշխատակիցների՝ ցույցերին հաստատագրված մասնակցության առնչությամբ»:
Դիվանագիտական շփումների մասին Վիեննայի կոնվենցիայի նորմերին համապատասխան՝ բողոքի ցույցերին ներկա դիվանագետները անցանկալի անձինք են հայտարարվել, եւ նրանց պարտադրվել է մոտ ժամանակներս լքել Ռուսաստանը:
«Ռուսական կողմն ակնկալում է, որ Գերմանիայի, Լեհաստանի եւ Շվեդիայի դիվանագիտական առաքելություններն ու անձնակազմերը այսուհետեւ խստորեն կհետեւեն միջազգային իրավունքի նորմերին»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Միաժամանակ Լեհաստանի Արտաքին գործերի նախարարությունն է հայտնել է, որ մտադիր է հետ ուղարկել Ռուսաստանի Դաշնության դեսպանին։ Սա ՌԴ-ի կողմից լեհ դիվանագետին «persona non grata» ճանաչելու պատասխանն է,-ՌԻԱ Նովոստիին ասել է Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեեւը:
Նա պատմել է, որ ուրբաթ օրը հրավիրվել է Լեհաստանի ԱԳ նախարարություն, որտեղ իր հետ զրուցել է փոխնախարար Մարչին Պշիդաչը: Խոսակցությունը եղել է Ռուսաստանի կողմից ԵՄ որոշ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի, մի քանի դիվանագետներին «persona non grata» ճանաչելու մասին: