Արագ արձագանքելով Ռուսաստանից ԵՄ երեք դիվանագետների, այդ թվում Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան աշխատակցի արտաքսմանը՝ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե Գերմանիան եւ Ֆրանսիան այդ քայլն արդարացված չեն համարում, բայց հավելել, որ հակառակ տարաձայնություններին՝ Մոսկվայի հետ երկխոսությունն անհրաժեշտ է շարունակել:
Անգելա Մերկելն այս հայտարարությունն արել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ երկու երկրների անվտանգության խորհուրդների առցանց խորհրդակցության արդյունքներն ամփոփելիս։
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ դիվանագետների արտաքսմանը շտապել է արձագանքել նաեւ Լեհաստանի ԱԳՆ-ն։ Վարշավայից ասել են, որ Ռուսաստանի իշխանությունների այս քայլը երկկողմ հարաբերություններում կարող է խորացնել ճգնաժամը եւ հույս են հայտնել, որ որոշումն այնուամենայնիվ չեղյալ կհամարվի:
Շվեդիայի թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունը, հաստատելով դիվանագետի արտաքսման փաստը, կտրականապես հերքել է նրա մասնակցությունը ռուսաստանյան բողոքի ցույցերին: