Արդյունքից դեպի մշակութային գործընթաց փոփոխությունը հիմնաքարային է ամերիկյան մշակույթի համար, եւ դրանով է պայմանավորված այդ մշակույթի ենթակառուցվածքային ազդեցությունը։
Օրինակ, 1870-ականներին Էդիսոնն աշխատում էր իր լամպերի վրա։ Մի քանի տարվա ընթացքում իր եւ մրցակիցների լամպերն արդեն լուսավորում էին քաղաքների ողջ թաղամասեր, օվկիանոսային նավեր եւ այլն։ Եթնակառուցվածքային մշակույթը դարձավ ամբողջ աշխարհով ազդեցություն ունեցող երեւույթ։
Մտքի ուղղության փոփոխությունն ու ենթակառուցվածքների վրա շեշտադրումը, պիտի պայմանավորված լիներ ինչ-որ այլ խոշոր հատկանիշներով։ Հավանաբար, դրանցից մեկը անհատի էգոն էր․ անհատապաշտությունը, անհատի հսկայականությունը՝ թե իր արժանապատվության, թե հասարակությունից անկախ լինելու տեսակետից։
Հսկայական էգո ունեցող տիպական ամերիկացու կերպարներից մեկն է ֆերմերը, որն ունի իր ֆերման, ընտանիքը, որն առանձին պետություն է․ նրանք զինված են, պաշտպանում են իրենց գույքը, արտադրում եւ իրացնում են սնունդ։