ԱՄՆ-ն ստեղծվել է 1776 թվականին եւ դրա պետական համակարգն ու պետության հիմքում ընկած արժեհամակարգը հասկանալու համար պետք է առաջին հերթին ուսումնասիրել Անկախության հռչակագիրը, որի հիմնական հեղինակներից մեկն էր Թոմաս Ջեֆերսոնը։
Հռչակագրի հիմքում ընկած էին մի շարք գաղափարներ, որոնցից առաջինը բոլոր մարդկանց ազատ եւ հավասար ծնվելու իրավունքի հասկացությունն էր։ Այս գաղափարների ակունքները հասկանալու համար անհրաժեշտ է տեղափոխվել մոտ մեկ դար ավելի վաղ շրջանի Մեծ Բրիտանիա․ բրիտանացի հայտնի փիլիսոփա Ջոն Լոքն իր աշխատություններում բարձրացրեց մարդկանց հավասարության խնդիրը, եւ հենց իր գաղափարները հիմք դարձան Անկախության հռչակագրի համար։
Հարց է ծագում, թե ինչպես էր մարդկանց հավասարության գաղափարը համադրվում ԱՄՆ-ում տիրող ստրկատիրության հետ։ Թոմաս Ջերֆեսոնի կարծիքով ստրկությունն անընդունելի էր, սակայն նա գտնում էր, որ բոլոր ստրուկներին միաժամանակ ազատելը հավասարազոր կլինի նրանց սովի մատնելուն։ Նա առաջարկում էր ստրուկների զավակների սերնդին տալ արտադրության միջոցներ եւ աստիճանաբար վերացնել ստրկությունը։ Սակայն, ստրկությունը վերացավ միայն 1865-ին՝ քաղաքացիական պատերազմի ավարտից հետո։