Ամերիկյան ժողովրդավարության հաջողությունը մեծապես կապված է միավորումների հաջողության հետ: Այս միավորումներն ունեն տարբեր տեսք եւ բովանդակություն. այսօրվա քաղհասարակությունը կարող է բաղկացած լինել թե՛ հետաքրքրությունների, թե՛ հավատքի, թե՛ այլ սկզբունքով միավորված խմբերից:
Ասոցիացիաներն աստիճանաբար զարգացան եւ սկսեցին թելադրել երկրի քաղաքականությունը: Ամերիկյան քաղհասարակությունը կազմված է քաղաքական կուսակցություններից, պետությունից դուրս գտնվող հազարավոր կազմակերպություններից, որոնք ամենօրյա ռեժիմով ազդում են քաղաքական օրակարգի ձեւավորման վրա՝ լոբիստական խմբերի միջոցով բերելով օրինագծեր եւ այլն:
Այս դաշտը չափազանց բազմազան է՝ ծածկում է հասարակական կյանքի բոլոր ոլորտները եւ հնարավորություն է տալիս մարդկանց խնդրայնացնել եւ քննարկել այն բոլոր հարցերը, որոնք առնչվում են հասարակությանը: Ստեղծվում է մի միջավայր, որտեղ հնարավոր է բազմակարծությունը, քննարկումն ու վիճաբանությունը: