Պետք է հասկանալ, որ Ռուսաստանը Խորհրդային Միության իրավահաջորդն է, եւ անհնարին է խոսել Ռուսաստանի քաղաքացիական հասարակության մասին առանց իմանալու, թե որտեղից է այն սկիզբ առնում:
Ստալինյան բռնաճնշումների տարիներին մտավորականության մեծ շերտեր աքսորվեցին կամ գնդակահարվեցին, որոնց մասին բարձրաձայնվեց միայն Նիկիտա Խրուշչովի հանրահայտ ելույթով:
1975-ին ԽՍՀՄ-ն ստորագրեց Մարդու իրավունքների հելսինկյան ակտը եւ փաստորեն ընդունեց մարդու իրավունքներն ու դրանց կարեւորությունը: Ձեւավորվեց այն գաղափարը, որ եթե Միությունն ընդունում է այդ ակտը, ապա քաղաքացիները պիտի պահանջեն դրանում ամրագրված իրավունքների եւ ազատությունների իրագործում:
Բռնաճնշումների թեման առայսօր կարեւոր է ռուսաստանյան քաղաքացիական հասարակության համար. դրանց հետ կապված հիշատակի վայրերն ու միջոցառումները շարունակաբար կարեւոր տեղ են զբաղեցնում հասարակական կյանքում: