Անցած շաբաթավերջին Երեւանում եղավ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման հիմնադիր համագումարը։ Դատելով լուսանկարներից՝ դահլիճը բավական մարդաշատ էր։
Զարմանալի չէ։
Զարմանալի չէ, որովհետեւ Հայաստանում անկախությունը երբեք չի ընկալվել որպես ինքնորեն ապրելու շանս, որովհետեւ Հայաստանի (նաեւ սփյուռքի) հայ ժողովուրդն անկախությունը վայելելու փոխարեն մշտապես այլընտրանք է փնտրել։
Ես շատ ու շատ «լուսավոր» գլուխներ եմ հիշում, որոնք մեր պետականության արշալույսին փորձում էին համոզել, թե (վերջ տվեք, ջանը՜մ) աշխարհում անկախ պետություն չկա՝ Ռուսաստանից ու Ամերիկայից բացի։
Չինաստանը նրբորեն անտեսվում էր։
Քաղքենու էդ տեսակը ոչ այնքան առ անցյալ իր կարոտն էր փորձում հագեցնել, որքան անկեղծորեն ատում էր ինքն իրեն։
(Էդ ո՞վ դառանք, որ մի հատ էլ անկախ պետություն ունենանք։)
Սրա թաքնիմաստն այն էր, որ եթե Ռուսաստան կամ Ամերիկա չես, ի՞նչ ես գլուխդ ցից ման գալիս։ Գնա Տոմըսկ կամ Օմըսկ խոպան, գնա Լոս Անջելոս սիթիզեն դարձիր, գնա Ֆրանսիա կամ Գերմանիա. գաղթականների ճամբարում մի քիչ կմնաս, հետո հազար ծակ ու ծուկ կա եւրոպացի համարվելու։
Ես չեմ խոսում տաքսու վարորդների կամ միջին վիճակագրական արհեստավորների մասին, որոնք, համապատասխանաբար՝ դիմացից գնացող մեքենան վարողին մեր քրֆելու կամ, ասենք, հախճասալիկ խփելու արանքում դատողություններ են անում։
Նրանց հետ վեճ չունեմ։
Եթե մեջս տարակուսանք չլիներ, կասեի՝ գործիդ նայի ախպեր, էս երկիրն իր հունով գնում ա. դրոշ ունի, զինանշան, հիմն, նախագահ, վարչապետ, բանակ…
Կասկած գցողը «լուսավոր» գլուխներն էին, որ ապագան անցյալում էին տեսնում, անցյալը՝ խորը անցյալում ու 30 հազար քառակուսի կիլոմետրը՝ Արցախն էլ վրադիր, չէին համարում հայրենիք, որ հանկարծ հարեւանները չկարծեն, թե գոհանում ենք եղածով։
Ու սրանց որ թողնեիր, շախմատի համաժամանակյա մրցաշարի հանգույն, պատերազմ կհայտարարեին բոլոր հարեւաններին՝ Թուրքիային, Իրանին, Վրաստանին։
…Ադրբեջանն արդեն ծնկի էր բերված։
Անկախությունն, ասում էին, անհնարին է։ Ասում էիր՝ պետությո՞ւնն էլ է անհնարին։
Պետություն լինես՝ քո վերմակի չափով, Աստծունը տաս Աստծուն, Կեսարինը՝ Կեսարին։ Հարեւաններիդ հետ լավ լինես, ինչքան հնարավոր է։ Բարեկամներիդ հետ գնալ-գալ, ասել-խոսել ունենաս։ Մեկին ասես՝ ապրանք ունեմ, կառնե՞ս։ Մյուսին ասես՝ տարածք ու պայմաններ տամ, բեր գործարանդ կառուցիր եւ այլն, եւ այլն։
Բայց երբ հարցնում էիր՝ պետությո՞ւնն էլ է անհնարին, քմծիծաղով երեսիդ էին նետում. «Ի՞նչ պետություն»։ Մեզ պետություն պետք չի։ Մեզ փող է պետք։ Մեզ բարիք է պետք։ Մեզ անդարդ կյանք է պետք։
Փող, բարիք, անդարդ կյանք, բայց ոչ պետություն։ Որովհետեւ պետություն ունենալու եւ պահելու համար խաղաղությունը նախապայման է։
Խաղաղությունը ո՞րն է։ Հաղթել ես, արդեն խաղաղություն է։ Եթե հաղթելուց հետո խաղաղություն ես ուզում, ուրեմն խա՞չ ես քաշում քո թափած ջանքի եւ արյան վրա։
Անհայրենի՛ք, վախկո՛տ, դավաճա՛ն, փոքրոգի՛…
Ասում էիր՝ էդ փողը, բարիքն ու անդարդ կյանքը խաղաղությունն է բերելու։ Ասում էին՝ զահլա մի տար, «ռուսի հետ յախշի, ամեն ինչ կբախշի»։ Օրինակ՝ Դեմիրճյանը ո՞նց էր «էրկու կանյակով» լիքը փող բերում, մետրո, մարզահամերգային համալիր ու նման բաներ կառուցում։
(Երեւան նախագծի էն ժամանակվա ճարտարապետներն ասում են, թե Լենինի անունով մի հատ հսկա թանգարան էր ուզում կառուցել, չհասցրեց, փլվեց երկիրը։ …Լենինի երկիրը։)
Հետաքրքիր է, որ կառուցած լիներ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման հիմնադիր համագումարն այդտեղ էր լինելու, թե՞ այնուամենայնիվ Ազատության հրապարակին մերձ։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։