Լեհական Krytyka Polityczna պարբերականի աշխատակից Ստասյա Բուձիշը զրույցել է լրագրող, «Ողջույն Նովոռոսիայից», «Պատերազմ, որը փոխեց մեզ», «Խալիֆայությունից հետո- նոր պատերազմ Սիրիայում» գրքերի հեղինակ, Պավել Պիենյաժեկի (Paweł Pieniążek) հետ։ Հարցազրույցը ներկայացվում է մասնակի կրճատումներով։
Պավել Պիենյաժեկ — Հայաստան հասնելը շատ ավելի հեշտ էր, քանի որ այն ավելի բաց երկիր է: Նաեւ պետք է նշել, որ ես ամեն դեպքում գնալու էի հակամարտության այն կողմը, որը պաշտպանվում եւ տարածք է կորցնում: Ես ելնում եմ այն սկզբունքից, որ իրավիճակն այս տեսանկյունից ավելի լավ է երեւում: Ավելին՝ այս հակամարտության դեպքում շատ դժվար էր աշխատել երկու կողմերի հետ: Եթե, օրինակ, 2014-15 թվականներին Ուկրաինայում հնարավոր էր տեղաշարժվել գրեթե առանց խոչընդոտների, ապա Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում դա գործնականում անհնար էր:
Իհարկե, միշտ ավելի լավ է, որ կարողանանք նկարագրել հակամարտության երկու կողմերին էլ, քանի որ միշտ ավելի հետաքրքիր է ներկայացնել իրականության ավելի լայն պատկերը: Ես չկարողացա հասնել մյուս կողմը, բայց փորձել եմ հնարավորինս օբյեկտիվ եւ անկողմնակալ պատմել այս հակամարտության մասին:
Ադրբեջանական զարգացումներն [հրապարակումներում] իսկապես բացակայում են։ Կարծում եմ ՝ ամենակարեւորը տեղում լինելն է: Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում գտնվելու ընթացքում հիմարություն կլիներ զանգահարել Բաքու որեւէ փորձագետի եւ մեկնաբանություն խնդրել: Եթե ես գրեի վերլուծական նյութ քաղաքական թեմայի շուրջ, գուցե դա անեի, բայց ռեպորտաժը պատմություն է մարդու մասին, այնպես որ հեղինակը պետք է ավելի մոտ լինի մարդկանց, այլ ոչ թե քաղաքականությանը: Եթե Ադրբեջանը չխոչընդոտեր լրագրողների մուտքը, ես այնտեղ էլ կգնայի:
Ստասիա Բուձիշ — Ես դեռ չեմ լսել այն մասին, որ ռուսները լքեն իրենց գրաված որեւէ տարածք:
Պավել Պիենյաժեկ — Ճիշտ է: Նրանք, անշուշտ, տարածքը կվերածեն ռազմականացված գոտու: Տեղի բնակիչները կորցրել են այն զգացումը, որ այդ հողերը մնացել են իրենց ձեռքում, քանի որ այնտեղ եկել է երրորդ պետություն, թեեւ Ռուսաստանը միշտ էլ ներկա է եղել այս հակամարտությունում:
Ստասիա Բուձիշ — Ձեր զեկույցներից մեկում դուք գրում եք, որ հակամարտության նոր փուլը վերածվել էր երկու տարբեր հարյուրամյակների բախման:
Պավել Պիենյաժեկ — Ավելի ճիշտ՝ դրանք խառնելուն: Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը նախատեսում էին պատերազմ վարել 20-րդ դարում, մինչդեռ Ադրբեջանը 21-ի պատերազմով եկավ: Նա վաղուց էր զբաղվում իր բանակի արդիականացմամբ: Հայերը կարծես հավատում էին, որ եթե կարողացան հաղթել 1990-ականներին, ապա իրենց կհաջողվի նույնն անել հիմա:
Ես հաճախ եմ լսել հայտարարություններ, որ եթե դա «իրական» պատերազմ լիներ, այսինքն՝ հրացաններով պատերազմ, ապա հայերը կհասնեին Բաքու: Տեխնոլոգիաները, սակայն, փոխվել են, պարզ էր, որ Երեւանն անակնկալի եկավ: Զինվորականներն ինձ ասացին, թե հարձակման չէին սպասում: Մոբիլիզացիան իրականում եղավ միայն այն ժամանակ, երբ սկսվեց պատերազմը: Այդ ամենն ինձ զարմացրեց: Այնուամենայնիվ, անակնկալի բերելու գործոնն աշխատեց, ուստի դժվար էր հետ մղել առաջին հարվածը: Ադրբեջանը ճեղքեց շփման գիծը հարավում ՝ Իրանի հետ սահմանի մոտ, այնուհետեւ նրա համար ավելի հեշտ էր մանեւրելը, չնայած լեռնային տարածքում մարտեր մղելն ընդհանուր առմամբ դժվար է:
Ստասիա Բուձիշ — 1994-ին Շուշին դարձավ Հայաստանի հաղթանակի եւ Ադրբեջանի համար ցավալի պարտության խորհրդանիշ: Ի՞նչ տրամադրություններ էին տիրում հայերի շրջանում, երբ քաղաքն ընկավ 2020 թվականին:
Պավել Պիենյաժեկ — Պաշտոնական քարոզչությունը Հայաստանում հաղորդում էր, որ մարտերը շարունակվում են, ամեն ինչ լավ է ընթանում, իրավիճակը վերահսկելի է: Այսպես շարունակվեց երկու օր, եւ միայն այդ ժամանակ լուր եկավ, որ ադրբեջանցիները գրավել են քաղաքը: Լրատվամիջոցները տեղեկատվությունն այնպես էին ներկայացնում, որ մարդիկ իրական պատկերը չունենային: Մարդիկ համոզված էին, որ Հայաստանը հաղթում է պատերազմում, ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան է կորցնում, բայց դեռ այնքան էլ սարսափելի չէ: Երբ պարզվեց, որ նոր համաձայնագրով Հայաստանը կորցնում է վերահսկողությունը տարածքի մեծ մասի վրա, իսկ մնացած մասում հայտնվելու են ռուսական խաղաղապահ ուժեր, մարդիկ շատ զարմացան: Նույնիսկ Ստեփանակերտի բնակիչները, որտեղից երեւում է Շուշին, չէին հավատում, որ քաղաքը կհանձնվի, չնայած վերջին օրերի մարտերը սարսափելի էին:
Շուշիի գրավումից հետո Ադրբեջանի համար դժվար չէր Ստեփանակերտը գրավել, ուստի իրավիճակից դուրս գալու միակ ելքը պայմանագրի կնքումն էր: Կարելի է, իհարկե, հարց տալ, թե Շուշին կմնա՞ր Հայաստանի վերահսկողության տակ, եթե այն ավելի վաղ ստորագրվեր, բայց այդ հարցին պատասխանել հնարավոր չէ:
Ստասիա Բուձիշ — Ստորագրված համաձայնագիրը երերուն է թվում, սա, հավանաբար, հակամարտության ավարտը չէ:
Պավել Պիենյաժեկ — Հայերն ասում են, որ ադրբեջանցիները 30 տարի սպասել են, ինչը նշանակում է, որ իրենք նույնպես կսպասեն, իսկ հետո կվերականգնեն իրենց տարածքը: Նույնիսկ եթե իրավիճակն այժմ որոշ չափով հանդարտվի, սա ամեն դեպքում վերջը չէ՝ մի կողմից հաղթանակի, մյուս կողմից՝ պարտության պատճառով:
Պատրաստեց Կարինե Դավոյանը