Ամերիկյան Էմփայր Սթեյթ Բիլդինգի եւ Նյու Յորքի բազմաթիվ շենք-շինությունների սեփականատեր The Empire State Realty Trust (ESRT) ընկերությունը հայտարարել է, թե ամբողջովին անցնում է էներգիայի վերականգնվող աղբյուրների:
Այդ քայլը հնարավոր է դարձել Green Mountain Energy-ի եւ Direct Energy-ի հետ կնքված պայմանագրի շնորհիվ:
Ըստ ամերիկյան The Washington Post պարբերականի՝ նախաձեռնությունը շինություններին 300 միլիոն կիլովատ-ժամ վերականգնվող էներգիայով ապահովելու հնարավորություն կտա: Այդքանը բավարար է՝ շենքերի շահագործման համար անհրաժեշտ ընդհանուր ծախսն ապահովելու համար:
Ընդլայնելով էներգիայի վերականգնվող աղբյուրների հանդեպ իր պարտավորությունները՝ ESRT-ն կխուսափի այնքան ածխաթթու գազի թողարկումից, որքան մեկ տարում մթնոլորտ են արտանետում Նյու Յորքի բոլոր տաքսիները։