Միջազգային «Aero India-2021» ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ ներկայացվել է իսրայելական «Spear UAV» ընկերության «Ninox 40» անօդաչու համակարգը:
Փոքրածավալ դրոնը կիրառելի է պետական սահմանին պարեկություն անելու, փրկարարական կամ ռազմական խնդիրների կատարման համար: Արտադրողներն ընդգծում են, որ «Ninox 40»-ն ունի եւս մեկ՝ ցանկացած երկրի իշխող ռեժիմի համար գրավիչ առավելություն. խորհուրդ են տալիս դրոնն օգտագործել բողոքի ցույցերում կարգուկանոն հաստատելու եւ ցուցարարներին ցրելու նպատակով:
Առավելագույն 250 գրամ քաշ ունեցող «Ninox 40»-ը մշակվել է մեկ օպերատորի կառավարման համար: Փակ վիճակում անօդաչուի տրամագիծը 40 մմ է: Նման փոքր չափերի շնորհիվ օպերատորը հնարավորություն ունի դրոնն արձակել նռնականետից եւ անօդաչուն պահել նռնակների արկղիկում:
Արձակումից հետո դրոնը, նվազագույն արագություն հավաքելով, բացում է չորսթեւանի բարձակները: Էլեկտրական շարժիչի եւ ներկառուցված մարտկոցի շնորհիվ «Ninox 40»-ը բաձրլեռնային տեղամասերի վերահսկման տեսանկյունից կատարյալ է։ Այն ի վիճակի է 40 րոպե անընդմեջ մնալ օդում եւ բարձրանալ մի քանի կիլոմետր:
Դրոնի միջոցով գիշեր-ցերեկ հեռարձակվող հստակ պատկերը փոխանցվում է օպերատորի պլանշետին: Արտադրողները պնդում են, որ մի ակնթարթում «Ninox 40»-ն ընդունակ է հավաքելու ժամում 100 կիլոմետր արագություն եւ ինքնուրույն ոչնչացնելու զրահամեքենա կամ տանկ:
Փորձագետները չեն բացառում, որ «Ninox 40»-ը կարող է առավել արդյունավետ լինել, քան նույնիսկ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) պատերազմի ելքը Բաքվի օգտին վճռած, «С-300»-ը հաղթահարած եւ «Գրադ» համակարգը խոցած թուրքական բարձր ճշգրտության «Բայրաքթար»-ները կամ իսրայելական կամիկաձե դրոնները: