ԱՄՆ վարչակազմի եւ Պաղեստինի պաշտոնական շփումները վերականգնվել են: Պաղեստինի Ինքնավարության քաղաքացիական գործերով նախարար Հուսեյն աշ Շեյխը եւ ԱՄՆ պետդեպարտամենտի իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների պատասխանատու Հադի Ամարը հեռախոսազրույց են ունեցել տարածաշրջանի վերջին իրադարձությունների շուրջ:
Հուսեյն աշ Շեյխը «Թվիթեր»-ի իր գրառման մեջ հեռախոսազրույցը դրական է գնահատել՝ հավելելով, որ պայմանավորվել են մոտ ժամանակներս շարունակել շփումները:
Պաղեստինյան աղբյուրների համաձայն՝ հեռախոսազրույցին նախորդել էր Հադի Ամարի զրույցը Պաղեստինի Ինքնավարության վարչապետ Մուհամադ աշ Շթայեի եւ Պաղեստինի հետախուզության ղեկավար Մաջիդ Ֆարաջի հետ:
Պաղեստինի Ինքնավարության վարչապետ Մուհամադ աշ Շթայեն ասել է, որ ԱՄՆ ներկայացուցչի հետ առաջին զրույցի ժամանակ շոշափվել են Վաշինգտոնում ՊԻ դիվանագիտական ներկայացուցչության գրասենյակի եւ Արեւելյան Երուսաղեմում ԱՄՆ հյուպատոսության բացմանն առնչվող թեմաներ։
Պաղեստինա-ամերիկյան հարաբերությունների խզումից եւ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելուց երեք տարի անց այս հեռախոսազրույցներն առաջինն են:
Փորձառու դիվանագետ Հադի Ամարը պաղեստինուհու հետ ամուսնացած լիբանանցի է, որը նախագահ Օբամայի՝ մահմեդական հարցերով պատվիրակն էր։ Պաղեստինյան աղբյուրների համաձայն, Հադի Ամարը վերջին ամիսներին մասնակցում էր Բայդենի թիմի եւ պաղեստինյան իշխանությունների միջեւ ուղերձների փոխանակման գործընթացին: