Քարերի վրայով եւ խիտ ձյան միջով, այս 55-ամյա իրաքցի քուրդը կարծես սավառնում է գետնից մոտ մեկ մետր բարձրությամբ։ Իրաքի կիսանկախ Քրդստանի լեռնային տեղանքներում նա վերակենդանացնում է քրդական հին ավանդույթը՝ քայլել ոտնափայտերի վրա:
Սաբա Աբդելրահմանն ասում է, թե ոտնափայտերի օգտագործումը հիմա զվարճալիք է: «Նախկինում դրանք օգտագործում էին, որովհետեւ մեքենաներ չկային։ Օգտագործում էին անասուններին արոտ տանելիս, զբոսանքի համար, հարեւանների տուն գնալիս՝ հատկապես ձմռանը։ Մարդիկ քայլում էին դրանցով, երբ անձրեւ էր գալիս, երբ ձյունը հալչում էր եւ ճանապարհը ցեխոտ էր»:
Ոտնափայտերի շնորհիվ հիմա նրան շատերն են ճանաչում։ Մարդիկ, հատկապես՝ երիտասարդները, զարմանում են այս գաղափարի վրա։ Աբդելրահմանը բացատրում է, թե դա նորություն չէ եւ գալիս է նախնիներից։