Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը դեռ երկու շաբաթ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե «անհրաժեշտ է ստեղծել բոլոր պայմանները, որ պատերազմում զավակներ կորցրած, ռեպրոդուկտիվ տարիքում գտնվող կանայք նորից մայրանան»։
Պաշտպանության նախարարությունը դեռեւս տվյալներ չի հաղորդել, թե որքան մարդ է զոհվել անցած տարի Արցախյան պատերազմում, եւ նրանցից քանիսն են 2000-2002 թվականներին ծնված ժամկետային զինծառայողներ։ Բայց զոհվածների անունների ցանկում մեծ թիվ են կազմում հենց այդ թվականներին ծնվածները։ Եվ դա բժշկին առիթ է տվել եզրակացնելու, որ նրանցից շատերի մայրերը 40-45 տարեկան են։
«Ալիք մեդիա»-ի հետ զրույցում Վահե Տեր-Մինասյանն ասաց, որ այդ մտքին է եկել ամեն օր աշխատանքի բերումով զոհված զինծառայողների մայրերի հետ շփվելիս։ «Պատերազմից ընդամենը երկու-երեք ամիս է անցել, բայց ամեն օր են ինձ մոտ գալիս կանայք, որոնք նպատակային ուզում են հղիանալ։ Ասում են, որ անպայման տղա երեխա են ուզում, ուզում են, որ իրենց զոհված տղաները նորից ծնվեն։ Նրանց հետ զրուցելիս հազիվ ես զսպում, որ չարտասվես, նրանք շատ արագ են իրենց մեջ ուժ գտել, որ երեխա ունենան»,- ասում է բժիշկը։
Իհարկե, նա շատ լավ գիտի, որ 40-45 տարեկանը կնոջ վերարտադրողականության ամենալավ տարիքը չէ։ Այդ տարիքի կանայք հազվադեպ են բնական ճանապարհով երեխա ունենում։ Անհրաժեշտության դեպքում դիմում են վերարտադրողական առողջության կենտրոններին արհեստական բեղմնավորման կամ հնարավորինս ավելի պարզ մեթոդով հղիանալու համար։ Բայց միշտ չէ, որ այդ փորձերը հաջողությամբ են ավարտվում։ Իսկ հաջողված կամ չհաջողված փորձերի համար մի քանի հազար դոլարից մինչեւ կրկնապատիկ ու եռապատիկ ավելի գումարներ են ծախսվում։
Տեր-Մինասյանն ասում է, որ այնուամենայնիվ, թե՛ բժշկական համայնքը, թե՛ պետությունը զոհվածների ընտանիքներին պետք է օգնեն նաեւ այդ հարցում։ Ասում է՝ պետությունը պետք է նախաձեռնող լինի եւ շատ արագ այդ ուղղությամբ ծրագրեր սկսի։ «Նրանց ժամանակը շատ քիչ է, վերարտադրողական իմաստով կնոջ օրգանիզմը շուտ է ծերանում։ Ես նրանց ասում եմ, որ ժամանակ չկորցնեն, մեկ տարին էլ այդ առումով մեծ նշանակություն ունի։ Այսպիսի ցանկություն հայտնող կանանց թիվն ամեն օրվա հետ աճում է»,- ասում է բժիշկը։
Իհարկե, սա բավականին ցավոտ եւ նուրբ թեմա է, եւ դրա մասին բարձրաձայնելն էլ կարող է խնդրահարույց լինել։ Հենց դրա համար էլ պատկան մարմինները խուսափեցին այս փուլում մեկնաբանություններ տալուց։ Բայց, պարզվում է, այդ ուղղությամբ մտածել են։
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանն ասում է, որոշակի քննարկումներ եղել են, բայց խորքային, գործողությունների մակարդակով հարցին դեռ չեն անդրադարձել։ «Մի քիչ նուրբ հարց է։ Մինչեւ ծրագիր ներդնելը պետք է որոշակի աշխատանքներ տարվեն՝ մեխանիզմները հասկանանք, կարիքը գնահատենք, թե ինչ ծավալի մասին է խոսքը»։
«Եթե մարդիկ ցանկություն հայտնեն, եթե կորստի վերականգնման խնդիր կա, կարծում եմ, պետությունը պետք է միջոցներ հատկացնի եւ զոհվածների ընտանիքներին առաջնահերթ օժանդակի, հատկապես որ Հայաստանը ժողովրդագրական լուրջ խնդիրների առաջ էր մինչեւ պատերազմը»,- ասում է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը։
Նա հիշեցնում է նաեւ, որ պետությունն արդեն ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ ծրագրեր իրականացնում է, բյուջեից գումարներ է հատկացնում այն կարիքավոր ընտանիքներին, որոնք երեխա ունենալու խնդիր ունեն։ Բացի այդ՝ բարձրացրել է երեխայի ծննդյան միանվագ եւ խնամքի նպաստների չափերը։ Եվ դա անցած տարի տվել է իր արդյունքը. 2020 թվականին Հայաստանում ծնվել է 36448 երեխա՝ 317-ով ավելի, քան նախորդ տարի։
Վերարտադրողական բժշկությունն այն մակարդակին է հասել, հուշում է Վահե Տեր-Մինասյանը, որ հնարավոր է իրականացնել զոհվածների մայրերի՝ տղա ունենալու երազանքը։ Դա հնարավոր է անել հենց արհեստական բեղմնավորման մեթոդներով։ «Այլ բան է, որ օրենքը դա արգելում է, թույլ չի տալիս սեռը որոշել։ Բայց այս պարագայում ես համաձայն եմ անգամ օրենքը խախտել ու օգնել այդ ընտանիքներին։ Իմ գործընկերները բանակցում են առողջապահության նախարարության հետ, նախագիծ են պատրաստում, բավականին լուրջ փոփոխություններ են նախատեսում։ Տեսնենք։ Կարծում եմ, մենք պարտավոր ենք այս խնդիրներով զբաղվող պետական ծրագիր ունենալ»։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։