1963-ից հետո առաջին անգամ Նիդերլանդներում առատ ձյուն է տեղացել: Եղանակային այս անակնկալին հոլանդացիները սպասել են շաբաթներ շարունակ: Դեռեւս օրեր առաջ մամուլի եւ հեռուստատեսության գլխավոր թեման սպասվող ձյունն էր. կանխատեսման համաձայն՝ առատ ձյուն էր տեղալու՝ մինչեւ 25 սմ: Ձյունը վերջապես տեղացել է կիրակի օրը: Թեեւ երկրում խաթարվել է բնականոն կյանքը, եւ հայտարարվել օդերեւութաբանական վտանգավորության կարմիր աստիճան, բայց ձյունը հոլանդացիների համար մեծ տոնի է վերածվել:
Միջազգային մամուլը (BBC, The Guardian եւ այլն) նույնպես անդրադարձել է Եվրոպայում մոլեգնող «Դարսի» անունով փոթորկին ու հոլանդական ձյանը՝ նշելով, որ ձյունն այդ երկրում իրադարձություն է թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար:
Կիրակի օրվա առատ ձյան բերած զգացողությունները համեմատվել են այդ երկրի ամենացրտաշունչ եւ ամենաձյունառատ տարվա՝ 1963-ի տրամադրությունների հետ. 1963-ը միջազգային մամուլը անվանել է «նիդերլանդական նոստալգիա», որը հատուկ նշանակություն ունի այն ապրածների կյանքում: Բայց 1962-1963-ի ձմեռը հիշում են նաեւ Եվրոպայի մյուս բնակավայրերում. ցրտաշունչ այդ ձմռանը Եվրոպայում 730-ից ավելի մարդ է մահացել, բազմաթիվ կենդանիներ ցրտահարվել են, որոշ տեղերում օդի ջերմաստիճանը մինչեւ -20 է եղել, կյանքի բնականոն ընթացքը խանգարվել է, բայց ոմանք այդ տարին համարել են իսկական հեքիաթային ձմեռ, երբ Եվրոպայի մի մասը երեք ամիս շարունակ թաղված է եղել ձյան հաստ շերտի տակ:
«Նիդերլանդական օրագիր» հայկական կայքի խմբագիր Աշոտ Կնյազյանը պատմում է, որ այսօր էլ, թեեւ Նիդերլանդներում ջերմաստիճանը ցածր է 0-ից, շատ ճանապարհների մերկասառույց է, բայց դա երկրի բնակիչներին չի խանգարում վայելելու ձյունը:
Կնյազյանը «Ալիք մեդիա»-ին մանրամասներ հայտնեց նիդերլանդական աննախադեպ ձմռան մասին: «Առատ ձյունը ձմեռային մարզաձեւերի սիրահարների համար տոն է. ամենուր չմուշկներով ու սահնակներով մրցումներ են: Եթե ոմանք ձմեռը վայելում են դրսում, ոմանց համար էլ այն տոնի է վերածվում տանը, երբ սառը եղանակն ու մերկասառուցը ստիպում են տնից դուրս չգալ: Դպրոցները երկուշաբթի փակ էին, գնացքների չվացուցակը խափանվել է, շատ տեղերում չեն աշխատել գնացքները: Անցած քսանչորս ժամվա ընթացքում 30 միլիոն կիլոգրամ աղ է ցանվել մոտ 900 աղ ցանող մեքենաներով: Մերկասառույցի պատճառով դժվարանցանելիություն է հատկապես երկրի կենտրոնում եւ հյուսիսում: Ձյունն ու ցրտահարությունը տարբեր վայրերում հանգեցրել են էլեկտրականության խափանումների: Թեեւ ձյունը կանխատեսված էր, երկիրը պատրաստվում էր, բայց ավտոբուսների, տրամվայների ու մետրոյի երթեւեկությունը նույնպես խափանվել է: Հոլանդիայի օդանավակայաններում որոշ թռիչքներ հետաձգվել են: Կիրակի օրը Էյնդհովենի օդանավակայանում չվերթները դադարեցվել էին, դրանք մասամբ վերականգնվել են երկուշաբթի: Դեպի Վատտեն ծովի կղզիներ լաստանավերը մեկնել են ժամանակացույցից դուրս: Առավելագույն ջերմաստիճանը -5 աստիճան է, իսկ հյուսիսարեւելյան քամու պատճառով հնարավոր է հասնի -15-ի»:
Նիդերլանդներում ապրող հայերի օրակարգը, սակայն, այս օրերին այլ է: Երկրում շարունակում են հանգանակություններ կատարել եւ ուղարկել Հայաստան ու Արցախ: Նիդերլանդներից ուղարկվում է ամեն ինչ՝ գումար, սնունդ, վերմակ, բարձ, տաք ծածկոցներ ու բաճկոններ, սրբիչ, հագուստ, քնապարկ, գեներատոր…
Պատերազմի պատճառով տեղահանված մի բազմանդամ ընտանիքի համար հոլանդահայերի նվիրատվությամբ Սիսիանի Իշխանասար համայնքում գնվել է 2000 քմ հողատարածք՝ երկհարկանի տնով: Տեղեկացանք, որ Նիդերլանդների «Արարատ» բարեգործական միության (որի շուրջն են հիմնականում համախմբված հոլանդահայերը) ներկայացուցիչը Հայաստան ու Արցախ է այցելել եւ անձամբ հասցրել հոլանդահայերի օգնությունը:
«Միությունը, համագործակցելով հայաստանյան բարեգործական կազմակերպությունների ու կամավորական խմբերի հետ, միաժամանակ աջակցություն ստանալով հոլանդահայ մի շարք կազմակերպություններից ու անհատներից, կարողացավ մի փոքր թեթեւացնել հարյուրավոր մարդկանց ամենօրյա հոգսը: Կազմվել է նոր ծրագիր, եւ առաջիկայում պատերազմի պատճառով տեղահանված եւ խնամակալին կորցրած մի շարք արցախցի ընտանիքներ հոլանդահայերի աջակցությամբ կստանան կովեր կամ այլ ընտանի կենդանիներ, աշխատանքային գործիքներ»,- պատմեց մեր զրուզակիցը:
Աշոտ Կնյազյանը տեղեկացրեց նաեւ, որ այսօր Նիդերլանդներում ապրող հայերը եւս մեկ կարեւոր թեմա ունեն՝ ուշիուշով հետեւում են Նիդերլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման միջնորդությունը նորից քննարկման դնելու հարցին:
Նիդերլանդների խորհրդարանի մեծամասնությունը կառավարության կաբինետին այսօր կոչ է անելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Թեեւ խորհրդարանը հասցրել է երկու անգամ դատապարտող բանաձեւեր ընդունել, բայց կառավարությունը դեռեւս չի ճանաչել հարցը Թուրքիայի հետ հարաբերությունները չխաթարելու զգուշավորությամբ: Այս բանաձեւը ներկայացրել է պատգամավոր Ջոել Ֆորդեւինդը, եւ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան արդեն ողջունել է նրա այս միջնորդությունը, որը լայն աջակցություն է գտել Ներկայացուցիչների պալատում:
Հիշեցնեմ, որ հոլանդական կառավարության կաբինետը մինչ այժմ «Հայոց ցեղասպանության» փոխարեն օգտագործում է «Հայոց ցեղասպանության խնդիր» արտահայտությունը»:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։