Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսնող անգլալեզու հայկական The Armenian Mirror-Spectator պարբերականում կարդացի Հայաստանի առաջին նախագահի քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի նամակը, որ պատասխան էր Վահան Զանոյանի նույն տեղում հրապարակած «Ռեալիզմ, տեսլական եւ պարտություն. ճիշտ եւ սխալ դասեր պատերազմից» հոդվածին։ Պարոն Ժիրայր Լիպարիտյանի նամակից սեփական ընտրությամբ առանձնացրել եմ հատվածներ, որոնք, իմ կարծիքով, կարող են հետաքրքրել «Ալիք Մեդիայի» ընթերցողին։
Տ.Պ.
Երազողները պատրաստ չեն հրաժարվել «տեսիլքի» իրենց քաղաքականությունից հանուն իրական կյանքերի, իրական մարդկանց եւ իրական երկրի: Իրական Հայաստանն այն Հայաստանը չէ, որի մասին նրանք երազում են, երբեք չի եղել:
Երազողների համար Հայաստանը պետք է միշտ երազանք լինի, նույնիսկ նախքան իրականություն լինելը:
Շատ ավելի հեշտ է որոշումներ կայացնել երեւակայական Հայաստանի համար, եւ եթե դա նշանակում է, որ իրական մարդիկ պետք է վերացվեն հօգուտ մտացածին Եդեմի, որտեղ բնակվում են մարդիկ, որոնք պետք է վարվեն այնպես, ինչպես տեսլիքն է թելադրում, ուրեմն այդպես կլինի:
Երազողներն իրական մարդկանց ոչ մի օգուտ չեն բերում: Իրականության հետ գործ ունենալն ավելի դժվար է: Բացի այդ, տեսիլքի հետ գործ ունենալիս մարդ պատասխանատվություն չի զգում այն ամենի նկատմամբ, ինչի շահերը պաշտպանում է:
Այնպիսի տպավորություն է, ասես, երազելն ու երեւակայելը հաճելի եւ գոհացուցիչ է, այստեղ իրականում որեւէ բանի հասնելու անհրաժեշտություն չկա: Այս դեպքում տեսլական ունենալն է քաղաքականության նպատակը:
Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջնորդները բարձր են գնահատում երազողների սխալ հաշվարկները, քանի որ հենց դրանք են հնարավոր դարձրել իրենց հաղթանակը: Կարծում եմ, որ սա ավելի շատ պետք է հաշվի առնել, քան այն հանգամանքը, թե որոշ թուրք կամ ադրբեջանցի վերլուծաբաններ ու ակադեմիականներ հավանում են իմ վերլուծությունները:
[Երազողները] կարծում են, թե միայն այն փաստը, որ որոշ թուրքերի դուր է գալիս այն, ինչ ես եմ գրում, գրածներս կասկածելի են դարձնում: Քաղաքական այսպիսի դատողությունը կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ. այն, ինչ թուրքերը սիրում են, պետք է վատ լինի մեզ համար եւ հենց այդպիսին է:
Ես այդ քննադատներին կարող եմ վստահեցնել, որ այն, ինչ ուրախացնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջնորդներին, եւ դա հենց թուրքերն ու ադրբեջանցիներն են փաստում, մեր կողմից նրանց հնարավորությունների թերագնահատումն է, ուժերի հարաբերակցության զգացողության բացակայությունը, մեր ապավինելը գոյություն չունեցող արժեքներին, դաշնակիցներին եւ ֆանտազիաներին:
Հնարավոր աղետների ցանկը, որոնք կարող են պատուհասել Հայաստանին եւ Արցախին, սպառված չէ: Եթե երազողների տրամաբանությունը հարատեւի նույնիսկ այս պարտությունից հետո եւ շարունակի գերիշխել մեր մտածելակերպի վրա եւ մեր քաղաքականության մեջ, ապա մենք նորանոր աղետների ականատես կլինենք:
Անգլերենից թարգմանեց Մարո Թարվերդյանը