Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր է ստացել Երեւանի փողոցներում «դեղին ձնծաղկի» (ՀՀ Կարմիր գրքում գրանցված է Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ) վաճառքի մասին։
Շտերնբերգիա Ֆիշերին վերացող տեսակ է: Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Ներքին Վաչագան գյուղի շրջակայքում: Տարածման եւ բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կիլոմետրից պակաս է:
Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ծաղիկն ընդգրկված էր 0 կարգավիճակով` անհետացած տեսակ: Այն ներառված է նաեւ CITES-ի կոնվենցիայի 2-րդ հավելվածում:
ՇՄ նախարարությունը հիշեցնում է, որ Կարմիր գրքում գրանցված բույսերի ոչնչացման կամ հավաքի համար ՀՀ օրենքով սահմանված է տուգանք։ Մասնավորապես՝ Շտերնբերգիա Ֆիշերի բույսի հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար տուգանքը 25.000 դրամ է, իսկ 200.000 դրամը գերազանցելու դեպքում [8 եւ ավելի ծաղիկ]՝ քրեական պատասխանատվություն կսահմանվի։