ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հարցազրույց է տվել հայտնի հեռուստալրագրող Վոլֆ Բլիթցերին, որը հեռարձակել է CNN-ը: «The Jerusalem Post»-ը հատվածներ է հրապարակել այդ հարցազրույցից։
ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարը բարձր է գնահատել «Աբրահամյան խաղաղ համաձայնագիրը», իսկ Իրանի վերաբերյալ ասել է, որ Թեհրանը պիտի անի առաջին քայլը՝ պատժամիջոցների վերացմանը հասնելու համար:
«Պետքարտուղարը Երուսաղեմը համարո՞ւմ է Իսրայելի մայրաքաղաք» հարցին Բլինքենը պատասխանել է. «Ե՛ս՝ այո: Եվ որ ավելի կարեւոր է՝ մե՛նք համարում ենք»:
«Կճանաչի՞ ԱՄՆ նոր վարչակազմն Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքներում, ինչպես 2019-ին դա արել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփը» հարցին ԱՄՆ պետքարտուղարը խուսափողաբար է պատասխանել՝ դա «իրավական խնդիր է»:
Բլինքենը հավելել է, որ ստեղծված իրավիճակում Գոլանի բարձունքների վերահսկողությունը, գործնական տեսանկյունից, անչափ կարեւոր է Իսրայելի անվտանգության համար:
«Իրավական հարցերն ուրիշ բան են, այլ հարց է, որ 1981-ին բռնազավթված Հոլանի բարձունքների հարցում Իսրայելը միջազգային աջակցություն չստացավ» ,-մանրամասնել է ԱՄՆ պետքարտուղարը՝ շեշտելով, որ եթե Սիրիայում իրավիճակը փոխվի, Միացյալ Նահանգները կզբաղվեն այդ հարցով, բայց մինչ այդ դեռ շատ ժամանակ կա:
Ըստ Բլինքենի՝ Բաշար Ասադի կառավարությունը, ինչպես նաեւ Սիրիայում իրանամետ միլիցիայի ներկայությունը լրջագույն սպառնալիք են Իսրայելի անվտանգության համար։