Ռուսական «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է շարունակեն գործունեությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցով:
Նա հավելել է, որ կարգավորման բազային սկզբունքների մշակման գործում մեծ ներդրում ունեցած ԵԱՀԿ Մինսկի խումբը, համանախագահները կարող են ակտիվություն ցուցաբերել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ վստահության միջոցառումներն ամրապնդելու հարցերում:
ՌԴ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ համընդհանուր քաղաքական կարգավորման հասնելու հարցը դեռեւս արդիական է. այն 1994-ից բուդապեշտյան ԵԱՀԿ գագաթնաժողովից սկսած՝ Մինսկի խմբի համանախագահների վրա է դրված:
Ռուդենկոյի կարծիքով՝ տարածաշրջանում քաղաքացիական հասարակությունների միջեւ երկխոսությունը կառողջացնի ընդհանուր իրավիճակն ու նախադրյալներ կստեղծի քաղաքական ճանապարհով հետագա քայլերի համար:
«Եռյակը հզոր միջազգային աջակցություն ունի եւ կարող է օգտակար լինել փոխադարձ ընդունելի մոտեցումների եւ հետագա քայլերի մշակման հարցում, այդ թվում՝ կարգավիճակային հարցերում: Սակայն զգույշ, առանց շտապելու, երբ կգա ժամանակը»,- շեշտել է Ռուդենկոն: