Բելառուսի ընդդիմության գործիչներ, Հոնգ Կոնգի ժողովրդավարության կողմնակից ակտիվիստներ, «Սեւ կյանքերը նույնպես կարեւոր են» շարժում, Ռուսաստանի ընդդիմության բանտարկված առաջնորդ եւ քվեարկության իրավունքի ամերիկացի ակտիվիստ. Խաղաղության Նոբելյան մրցանակի այս տարվա հավակնորդներն են:
Նորվեգիայի Նոբելյան Կոմիտեն հիմնավորումների եւ թեկնածուների պակաս չի զգում, բայց չպետք է մոռանալ, որ սա աշխարհի ամենահեղինակավոր մրցանակն է։
Խաղաղության Նոբելյան մրցանակի համար թեկնածուներ կարող են առաջադրել պետությունների ղեկավարները, պետական ծառայող քաղաքական գործիչները, համալսարանական դասախոսները, արտաքին քաղաքականության գծով ինստիտուտների տնօրենները, նախկինում Նոբելյան մրցանակ ստացածները։ Ինքնառաջադրումն ընդունելի չէ։ Նորվեգիայի Նոբելյան Կոմիտեի անդամները նույնպես ունեն մրցանակի թեկնածու առաջադրելու իրավասություն:
Առաջադրումների մասին կոմիտեն չի հայտարարում, բայց առաջադրողներն ազատ են եւ կարող են հրապարակայնացնել իրենց նախասիրությունները՝ բարձրացնելով ինչպես առաջադրվածի, այնպես էլ առաջարկողի վարկանիշը:
Սահմանված ժամկետում գրավոր ներկայացված թեկնածությունները մուտքագրվում, քննարկվում եւ վավերացվում են։ Դա անում է կոմիտեի գաղտնի խորհուրդը։ Նրանք ստուգում են՝ արդյո՞ք առաջադրումը համապատասխանում է չափանիշերին:
2020 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացավ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը։ Դա մեկն էր առաջադրված 318 անհատներից եւ կազմակերպություններից, որոնց անունները Նոբելյան Կոմիտեն սովորաբար 50 տարի գաղտնի է պահում:
Այս տարի գրեթե բոլոր առաջադրողները հրապարակավ հայտարարել են իրենց ընտրության մասին: Այդ պատճառով մենք գիտենք 2021 թվականի «հերոսների» անունները՝ Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվիատլանա Տիխանովսկայա եւ ժողովրդավար երկու այլ ակտիվիստներ՝ Վերոնիկա Ցեպկալո, Մարիա Կոլեսնիկովա, «Սեւ կյանքերը նույնպես կարեւոր են» շարժում, Ալեքսեյ Նավալնի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենախիստ քննադատը, Սթեյսի Աբրամս՝ Ջորջիա նահանգի նահանգապետի նախկին թեկնածու, որը դարձել է քվեարկության իրավունքի առաջատար պաշտպան։
Սպիտակ տնից առաջադրված են ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջարեդ Քուշները եւ նրա տեղակալ Ավի Բերկովիցը, որոնք բանակցություններ են վարել Միջին Արեւելքի համաձայնագրերի շուրջ։
Անհատներից բացի՝ 2021 թվականին առաջադրվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում ունեցած դերի համար, ՆԱՏՕ-ն, «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) ֆրանսիական հայտնի կազմակերպությունը եւ քաղաքացիական իրավունքները պաշտպանող լեհ դատավորները:
Հայտնի շատ ու շատ գործիչներ հաճախ առաջադրվում են, բայց չեն շահում։
Շվեդ օրենսդիր Ի.Գ.Ս. Բրանդտը 1939 թվականին առաջադրել էր նացիստ բռնապետ Ադոլֆ Հիտլերին, բայց ավելի ուշ ասաց, թե կատակ է արել: 2020-ին էլ առաջադրվել էր Դոնալդ Թրամփը, բայց չստացավ։ Կլիմայի փոփոխության կանխման ուղղությամբ ավելի կոշտ գործողություններ ձեռնարկելու կողմնակից շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը նույնպես չարժանացավ մրցանակի։
Խաղաղության մրցանակը եւ Նոբելյան մյուս մրցանակները հանձնվում են դեկտեմբերի 10-ին՝ հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան տարելիցի օրը։ 2020-ին մրցանակակիրները ստացել են 10 միլիոն կրոնա (1.1 միլիոն դոլար) առձեռն դրամական պարգեւ, որը հաճախ տրվում է դիպլոմների եւ ոսկե մեդալների հետ միասին:
Ըստ Ֆիլիպինյան BusinessMirror պարբերականի
Պատրաստեց Կարինե Դավոյանը