Երբ Խորհրդային միության փլուզումից հետո՝ 1990-ականների կեսերին Ռուսաստանն սկսեց քիչ-քիչ ուշքի գալ եւ իր շուրջը նայել՝ առաջին գործը, որ ձեռնարկեց, որեւէ կերպ, թեկուզ՝ նոր ձեւաչափով, կորցրածը հետ բերելն էր։ Իսկ կորցրել էր միութենական 15 հանրապետությունները։
Ռուսաստան-Բելառուս միավորումը պետք է կայսրությունից անջատված մասերը կրկին ի մի բերելու հիմք հանդիսանար։ Ապագային միտված՝ գուցե տասնամյակների խնդիր էր, որը մինչեւ այսօր միս ու արյուն չի ստացել ու, ամենայն հավանականությամբ, չի էլ ստանալու, որովհետեւ ժամանակավրեպ է՝ չի տեղավորվում 21-րդ դարի չափորոշիչների մեջ։ Այդ օրերին Ռուսաստանում խոսակցություններ էլ չկային Հայաստանն այդ միության մեջ ներգրավելու վերաբերյալ, բայց Հայաստանում այդ ծրագրի կողմնակիցներ արդեն կային։
Չկայացած այդ միությանը միանալու պահանջով ստորագրություններ էին հավաքում։
Հանգամանքների բերումով Հայաստանը միշտ էլ կախված է եղել Ռուսաստանից։ Շատ պատճառներ կան, գլխավորը Ղարաբաղյան հակամարտությունն է։ Այս հակամարտությունը նաեւ Ադրբեջանին է ռուսական ազդեցության տակ պահել։ Նոր է Ադրբեջանը պոկվելու եւ դեպի Թուրքիա թեքվելու քայլեր ձեռնարկում ու դեռ հայտնի էլ չէ, թե ինչ արդյունք կգրանցի։ Իսկ Հայաստանը ինչպես եղել՝ այնպես էլ շարունակում է մնալ ռուսական ազդեցության ոլորտում։ Այս կախվածությունը, սակայն, տարբեր տարիների տարբեր կերպ է դրսեւորվել։
1990-ականներին հայկական կողմը հայ-ռուսական հարաբերություններից կարողանում էր լուրջ օգուտներ ստանալ։ Իհարկե, հավասար հարաբերությունների մասին խոսք լինել չէր կարող, բայց կային բազմաթիվ նրբություններ, որոնց վրա ճիշտ խաղալով Հայաստանը ակնհայտ օգուտներ էր ստանում՝ միաժամանակ պահպանելով ու ցուցադրելով արժանապատիվ կեցվածք։
Ինչ կարգի ու ինչ որակի աջակցություն էլ ստանային Ռուսաստանից ռուսական ծրագրերի իրականացմանը լծված փոքրաթիվ գործիչները՝ հայաստանյան քաղաքական դաշտում լուրջ դերակատարում ունենալ չէին կարող։ Չէին կարող, որովհետեւ Հայաստանում ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը, անկախ ունեցած հակասություններից, երկրի ինքնիշխանությունը կասկածի տակ չէին դնում։ Նման միտք չէր էլ ծագում։ Այդ շրջանի ողջ հասարակական-քաղաքական դաշտը հայաստանակենտրոն էր։
2000-ականների առաջին տարիներից Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից սկսեց նոր որակներ ստանալ։ Տարի առ տարի Հայաստանը ավելի ու ավելի կախյալ էր դառնում։ Այդ շրջանում էր, որ մոսկովյան չինովնիկը Հայաստանը անվանեց Ռուսաստանի ֆորպոստ։ Այդ շրջանում տեղի ունեցավ «գույք պարտքի դիմաց» գործարքը։ Այդ շրջանում էր, որ Հայաստանի նախագահը՝ Ռուսաստանի մարզերից մեկի ղեկավարի կարգավիճակով ստիպված էր սպասել Ռուսաստանի նախագահի ընդունարանում։ Այդ շրջանում էր, որ Հայաստանը Եվրոպական միության հետ ասոցացման եւ ազատ առեւտրի համաձայնագրերի ստորագրման շուրջ մոտ չորս տարվա բանակցություններից հետո՝ Ռուսաստանի պահանջով, մեկ ակնթարթում հայտարարեց, որ միանում է ԵԱՏՄ-ին։
Երկրի ներսում վստահություն չվայելող, լեգիտիմության ամենաչնչին պաշար անգամ չունեցող իշխանությունները չէի կարող դիմակայել Ռուսաստանի ճնշումներին։ Ասենք՝ դիմակայելու ցանկություն էլ չունեին։
Սրան զուգահեռ հրապարակում եղած ընդդիմությունը շարունակում էր մնալ երկրի ինքնիշխանության ամրապնդման կողմնակից։ Հայաստանի անկախության զիջման մասին հրապարակային քննարկումներ չէին ընթանում։
1991-ից այս կողմ՝ մեր օրերում է միայն, հուսանք, առաջին ու վերջին անգամ է, որ ե՛ւ իշխանությունների քայլերն ուղղված չեն մեր ինքնիշխանության ամրապնդմանը, ե՛ւ «ընդդիմություն» պիտակի տակ հանդես եկող ուժերը հայաստանակենտրոն չեն, ե՛ւ հրապարակում դեռեւս չեն երեւում ինքնիշխանության պաշտպանության ու ամրապնդման դիրքերից հանդես եկող ուժերը։
Սա բոլորովին չի նշանակում, թե այդ ուժերը վերացել են։ Կան այդ ուժերը եւ կերեւան հրապարակում։ Մի փոքր ժամանակ է պետք՝ պարտությունից, ստացած ծանրագույն հարվածից ուշքի գալու ու ոտքի կանգնելու համար։ Ժամանակ է պետք, որ դաշտը մաքրվի։
Քանի դեռ ընդդիմությունը պետականամետ չէ եւ չի հասկանում ընդդիմադիր լինելու հարգը, քանի դեռ իշխանական միջանցքներում ու իշխանական աշխատասենյակներում գտնվողների համար գլխավոր խնդիրը ոչ թե երկրի ինքնիշխանության, այլ սեփական իշխանության ամրապնդումն ու երկարաձգումն է, քանի դեռ հայաստանակենտրոնները չեն իշխանությունում ու ընդդիմությունում, 30 տարի շարունակ իրենից ոչինչ չներկայացնող, իրենց ոտքի տակ հող չունեցող ռուսական քարոզչության ու ռուսական ծրագրերի ցնցոտիավոր կամակատարները կփորձեն գլուխ բարձրացնել ու քաշ հավաքել։ Մինչեւ այն պահը, երբ Հայաստանում ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը՝ անկախ իրար նկատմամբ ունեցած վերաբերմունքից, անկախ քաղաքական ուղղվածություններից կրկին կլինեն հայաստանամետները՝ որոնց համար երկրի անկախությունը եւ ինքնիշխանությունը սակարկության ենթակա լինել չի կարող։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։