Արցախի կառավարության որոշմամբ՝ պատերազմական գործողությունների հետեւանքով իրենց մշտական բնակության վայրերից տեղահանված քաղաքացիները, ավտոմեքենայի եւ մոտոցիկլետի տեխանձնագիրը, ինչպես նաեւ վարորդական իրավունքը կորցնելու դեպքում, մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ազատվում են դրանք վերստանալու համար նախատեսված պետական տուրքերի վճարումներից:
Արցախի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Օհանյանը հայտնել է նաեւ, որ բնակավայրերից տեղահանված քաղաքացիները պետական տուրքերի վճարումից ազատվում են պատերազմական գործողությունների հետեւանքով ավտոմեքենայի վնասված պետհամարանիշի փոխարեն նորը ստանալու դեպքում, եթե ՃՈ են ներկայացնում վնասված պետհամարանիշը:
«Այս որոշումը տարածվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ից ծագած հարաբերությունների վրա եւ վերոնշյալ նպատակներով քաղաքացիների կողմից կատարված վճարումները ենթակա են վերադարձման»,- հավելել է Արցախի ոստիկանության ՃՈ պետի տեղակալը: