Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն իսպանական «El Pais» («Երկիր») պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ կորոնավիրուսի՝ մուտացիայի ենթարկված տարբերակների տարածումը համավարակի նոր ալիք չի առաջացնի:
Կլյուգեն ասել է, որ թեեւ մարդկությունը դեռ չի ձերբազատվի COVID-19-ից, բայց ի տարբերություն նախորդ տարվա, երբ կորոնավիրուսը բոլորիս տհաճ անակնկալ մատուցեց՝ մտանք գիտական տեսանկյունից անհայտ տարածք, 2021-ին այս վիրուսն ավելի կառավարելի ու կանխատեսելի կլինի, քանի որ հիմա ունենք դրական դինամիկա եւ պատվաստանյութեր:
ԱՀԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան այնուամենայնիվ հորդորել է զգոնությունը չկորցնել: «Համավարակները երբեք հավերժ չեն տեւում, դրանք գալիս են եւ գնում»,- եզրափակել է Հանս Կլյուգեն:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է շուրջ 106,9 միլիոն մարդ, մահացել՝ ավելի քան 2,3 միլիոն մարդ: