Ըստ ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության՝ Եվրոպական միությունը ծանուցել է Հայաստանի Հանրապետությանը՝ ԵՄ եւ ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վավերացման գործընթացի ավարտի մասին։
Համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում: Ուժի մեջ կմտնի 2021-ի մարտի 1-ից:
Այն ՀՀ եւ ԵՄ երկկողմ հարաբերությունները բարձրացնում է նոր՝ գործընկերային մակարդակի, կանոնակարգում քաղաքական եւ տնտեսական բնագավառներում երկխոսությունը, կարգավորում ոլորտային համագործակցությունն ու առեւտրային հարաբերությունները, կուռ իրավական հիմք ստեղծում ՀՀ-ԵՄ գործընկերության համար՝ արդարադատության, անվտանգության, գյուղատնտեսության, տնտեսության, գիտության, մշակույթի, առողջապահության, շրջակա միջավայրի եւ այլ ոլորտներում:
«Համաձայնագիրն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցին՝ վերահաստատելով ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը, մասնավորապես՝ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի հիման վրա»,- նշված է հաղորդագրությունում: