Լենինի անվան պետական գրադարանի՝ «Լենինկայի» հիմքի վրա Մոսկվայում կստեղծվի Ռուսաստանի խոշորագույն գրադարանը՝ ռուսաստանյան գրապալատի գործառույթները նրան հանձնելուց հետո:
ՌԴ վարչապետ Միխաիլ Միշուստինի ստորագրած հրամանագրով պետական գրապալատը (հիմն. 1917թ.) լուծարվում է։ Նրա գործառույթները փոխանցվում են Ռուսաստանի պետական գրադարանին:
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Ռուսաստանի պետական գրադարանն առանց այդ էլ մայրցամաքային Եվրոպայի խոշորագույն գրապահոցն է, իսկ միավորումից հետո նրա գրաֆոնդը կունենա 200 մլն տպագիր արտադրանք:
Համեմատության համար ասենք, որ նախկին ռեկորդակրի՝ Բրիտանական գրադարանի գրական ֆոնդում 170 միլիոն միավոր գիրք եւ ոչ գրքային այլ հրատարակություններ կան:
Նախկինում, երբ երկու կառույցներն առանձին էին գործում, հաճախ կրկնում էին միմյանց գործառույթները: Այսպես, գրապալատն ուներ իր գրացանկը, «Լենինկան»՝ իր, ինչի հետեւանքով նույն գիրքը մի քանի նկարագրություն էր ունենում: Ներկա պահին Ռուսաստանի պետական գրադարանն ունի 113,2 միլիոն, գրապալատը՝ 80 միլիոն միավոր գիրք:
Գրապալատի հետ միավորումից հետո Ռուսաստանի պետական գրադարանի միջոցներն ու ներուժը կուղղվեն երկրի գրքի շուկայի զարգացմանը, ավելի մեծ աջակցություն կտրվի Ռուսաստանի գրադարանային ցանցին, որն ընդգրկում է ավելի քան 40 հազար հանրամատչելի գրադարաններ:
Հարկ է նշել, որ ԽՍՀՄ միութենական բոլոր հանրապետություններում գրապալատները ստեղծվել էին դեռեւս 1920-ականներին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գրապալատներ ստեղծվեցին նաեւ սոցճամբարի երկրներում:
ԽՍՀՄ փլուզումից հետո գրապալատները բոլոր երկրներում վերացան, եւ դրանց գործառույթները փոխանցվեցին ազգային գրադարաններին: Դրանք հաշվառում եւ գրանցում էին տվյալ երկրում հրատարակվող գրականությունը, ինչպես նաեւ կատարում հրատարակությունների միջազգային ISBN, ISSN եւ ISMN ստանդարտ համարների գրանցումը:
Հայաստանի ազգային գրապալատի (հիմն. 1923թ.) գործառույթները Հայաստանի ազգային գրադարանին են փոխանցվել շատ ավելի վաղ՝ 2017-ին։