«Թուրքիայում իշխող կուսակցությունը երկրի սահմանադրությունն՝ ըստ ժամանակի պահանջների, վերանայելու հայտ է ներկայացրել»,-գրում է թուրքական Türkiye պարբերականը։
Նոր Սահմանադրությունը պատրաստ կլինի մինչեւ 2023 թվականը: Այն օրակարգ է բերել Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թուրքիայի ազգայնական շարժման կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դեւլեթ Բահչելին աջակցել է գաղափարին:
Ներկայում հետաքրքրություն են առաջացնում այն հարցերը, թե ինչպե՞ս են ընթանալու նոր սահմանադրության մշակման աշխատանքները, հատկապես ո՞ր հոդվածներն են փոխվելու, եւ արդյո՞ք նախագահական կառավարման համակարգի հետ կապված փոփոխություններ կլինեն։
Թուրքիայի Արդարություն եւ զարգացում կուսակցությունն (ԱԶԿ) ասում է, որ գուցե նոր սահմանադրությամբ վերացվեն նախագահական համակարգի գործառույթների որոշակի անհարթություններ, բայց համակարգը ոչ միայն չի փոխվի, այլեւ մշակման ընթացքում սահմանադրության այդ մասը չի էլ ներկայացվի քննարկման։ Նրանք դա բացատրում են նախագահական համակարգի՝ հատկապես համաճարակի ընթացքում ի հայտ եկած առավելություններով եւ գործառնական արդյունավետությամբ։ Ավելին՝ քայլեր կձեռնարկվեն նախագահական համակարգի ամրապնդման ուղղությամբ. «Հանրապետությունը, ունիտար կառուցվածքը եւ ժողովրդավարությունը կլինեն նոր սահմանադրության երեք հիմնասյունները»:
Միեւնույն ժամանակ, օրակարգում է Սահմանադրությամբ սահմանված պետական որոշ ինստիտուտների վերակառուցման հարցը: Սահմանադրական դատարանի եւ բարձրագույն դատական մարմինների վերակազմավորմանը զուգահեռ, վերակազմավորվելու են նաեւ այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են Ռադիոյի եւ հեռուստատեսության Գերագույն խորհուրդը, Պետական վերահսկողական խորհուրդը եւ Բարձրագույն կրթության խորհուրդը: Փոփոխության կենթարկվեն նաեւ իրավունքին եւ ազատությունների վերաբերվող գլուխները:
Խոսելով սահմանադրության փոփոխությունների մասին եւ հաշվի առնելով նոր աշխարհի ու ժամանակի պահանջները, կուսակցությունների ղեկավարները վստահ են, որ նոր սահմանադրությունը օրինակ կլինի աշխարհի համար:
«Մենք այս առումով պիոներ [առաջամարտիկ] կլինենք: Մշակվում է մի մոտեցում, որը մենք անվանում ենք էլեկտրոնային ժողովրդավարություն: Աշխարհում նման կանոնակարգ չկա: Այս հարցը նույնպես քննարկվելու է: Թուրքիան, ձեւավորելով էլեկտրոնային ժողովրդավարության հիմքերը, կարող է նորարար դեր ունենալ»:
Պատրաստեց Կարինե Դավոյանը