Ըստ իսրայելական «9 TV» գործակալության՝ Հաագայի միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) որոշել է, որ Պաղեստինի ինքնավարությունն օժտված է պետության բոլոր հատկանիշներով, ինչը նրան իրավունք է վերապահում հայցեր ներկայացնել Իսրայելի դեմ եւ պարտադրել հետաքննելու Գազայի հատվածում եւ Սամարիայում «Իսրայելի ռազմական հանցագործությունները»:
Հաագայի դատարանը բավարարել է դատախազ Ֆաթու Բենսուդայի ՝ Իսրայելի նկատմամբ հետաքննություն սկսելու 2018-ին ներկայացրած միջնորդությունը:
Հայտնի է, որ Իսրայելը ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի (ցեղասպանությանը, ռազմական հանցագործություններին եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններին առնչվող գործերի որոշման համար անկախ եւ մշտական դատարանի ստեղծման մասին միջազգային պայմանագրի) մասնակից չէ եւ Պաղեստինի ինքնավարությունը չի ճանաչում իբրեւ միջազգային իրավունքի սուբյեկտ:
Բացի դրանից, Իսրայելը նախորդ տարվա հունիսից միացել է Հաագայի միջազգային քրեական դատարանի նկատմամբ Դոնալդ Թրամփի որոշմամբ կիրառվող պատժամիջոցներին, որոնց համաձայն արգելվում է ցանկացած՝ ֆինանսական, տեղեկատվական եւ իրավաբանական համագործակցություն այդ կառույցի հետ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, մեկնաբանելով «Հաագայի տրիբունալի» որոշումը, հայտարարել է, որ այդ կազմակերպությունը հերթական անգամ ի ցույց է դրել իր իրավաբանական կարգավիճակին անհամապատասխան քաղաքականացված լինելը:
«ՄՔԴ–ն անտեսել է իսկական ռազմական հանցագործություններն ու դրա փոխարեն սկսել է հետաքննել Իսրայելի գործերը, ժողովրդավարական հաստատուն ռեժիմով պետության գործերը, պետության, որտեղ իշխում է օրենքը»,- ասել է Նեթանյահուն:
Թեեւ նա նախարարներին պատվիրել էր հրապարակավ չմեկնաբանել Հաագայի տրիբունալի որոշումը, բայց Իսրայելի արտգործնախարար Գաբրիել Աշքենազին չի կարողացել լռել։
«Դատավորների որոշումը խրախուսանք է պաղեստինյան ահաբեկչությանն ու պաղեստինյան վարչակարգին՝ Իսրայելի հետ ուղիղ բանակցություններից հրաժարվելու համար»,- հայտարարել է Աշքենազին։