Քսաներեքամյա Գոռ Սուքիասյանը պատերազմի երրորդ օրն է գնացել Արցախ. զինվորական կոմիսարիատից էին կանչել: «Մերոնք շատ էին նեղվել, որ պիտի գնամ: Ես էլ լավ չէի պատկերացնում, թե ուր եմ գնում, ու ինչ է ինձ սպասում: Ճիշտ է, ժամկետային զինծառայությանս ժամանակ քառօրյա պատերազմին էլ եմ մասնակցել, բայց սա լրիվ ուրիշ էր»,- հիշում է նա:
Գոռին տարել են Քարվաճառ, քառասունհինգ օր այնտեղ է եղել: Այդ ընթացքում հասցրել է թշնամու մեկ տանկ ոչնչացնել: «Երբ տեղ հասանք, դաշտում մշուշ էր, չէինք հասկանում՝ ինչ է կատարվում. արկերի պայթյունից էր։ Զինվոր համարյա չկար։ Չկորցրի ինձ, միանգամից մոտեցա հրետանուն, հաշվիչով հավաքեցի կոորդինատներն ու առանց մտածելու կրակեցի. էդ օրն էր, որ հակառակորդի տանկ ոչնչացրի։ Հետո արդեն զինամթերք չունեինք: Ես ու ընկերս գնացինք մի քիչ հեռու գտնվող զինանոցը. նոր էինք հեռացել, երբ արկը պայթեց հենց մեր հրետանու մոտ։ Մի քանի վայրկյանի տարբերությամբ փրկվեցինք»,- պատմում է հրետանավոր Գոռը:
Ասում է` թշնամու տեխնիկա ոչնչացնելով չէ, որ հերոս են դառնում. հերոս դառնում են այն պահից, երբ գիտակցաբար գնում են կռվելու:
Մինչ ռազմի դաշտ մեկնելը Գոռի պատկերացումները պատերազմի մասին, չնայած քառօրյա պատերազմին մասնակցած լինելուն, լրիվ այլ են եղել, իրական պատերազմի մասին շատ քիչ բան է իմացել: Պատերազմի՝ իր վրա թողած ազդեցությունն էլ զգալի է: «Պատերազմին մասնակցելը հետագայում շատ բաներում է օգնում: Պատերազմից վերադառնալուց հետո կյանքի հանդեպ հայացքներս փոխվել են: Շատ բաների այլ կերպ եմ վերաբերվում: Երբ հասկանում ես, որ ինչ-որ կարեւոր բան ես արել, ոգեւորվում ես, ու դա էլ է օգնում»,- ասում է Գոռը:
Այդ օրերին թիկունքի համախմբվածությունն ու պատրաստակամությունն էլ են շատ քաջալերել: «Երբ մեզ ծանրոցներ էին ուղարկում, որոնց մեջ գրություններ էլ կային, շատ էինք ուրախանում: Ես էլ եմ ստացել դրանցից»,- պատմում է Գոռը:
«Բոլորն ամեն վայրկյան սպասում էին պատերազմի վերջանալուն: Մի կողմից՝ պատերազմը վատ ավարտ ունեցավ, բայց մյուս կողմից՝ ոչ ոք չէր կարողանում ուրախությունը թաքցնել: Եթե չլիներ էդ ստորագրությունը, հիմա գուցե ես էլ չկարողանայի էս ամենը պատմել: Համամիտ չեմ, երբ ասում են, որ սխալ էր պատերազմն այս կերպ դադարեցնելը, որովհետեւ պայմանագիրը չստորագրելն ավելի մեծ սխալ կլիներ: Ու անկախ ամեն ինչից՝ մենք էս պատերազմում հաղթել ենք: Ով ինչ ուզում է, թող մտածի, մենք հաղթել ենք ու վերջ»,- ասում է Գոռը:
Զրուցակիցս վերջում միայն մի ցանկություն է հայտնում. «Դարեր անց, երբ մարդիկ խոսեն պատերազմներից, թող սա լինի վերջինը, որի մասին կհիշեն»: