Պողոս Տեր-Ներսիսյանն իր ընտանիքի հետ Հալեպից Քաշաթաղի շրջանի Կովսական բնակավայր է տեղափոխվել դեռ Սիրիայի պատերազմից առաջ՝ 2008-ին:
«Երբ Իրաքում պատերազմ սկսվեց, ամուսինս մի օր ասաց՝ Սիրիայում էլ իրավիճակը պիտի վատանա, գնանք Հայաստան: Ես չէի հավատում, ասում էի՝ ո՞վ կթողնի Սիրիան խառնվի. այնքան ուժեղ երկիր էր: Բայց ամուսինս որոշել էր: Տեղեկացավ Քաշաթաղի վերաբնակեցման ծրագրի մասին, որը նաեւ սիրիահայերի համար էր, եւ մեր երեք երեխաների հետ Հալեպից փոխադրվեցինք Կովսական»,- պատմում է Պողոսի կինը՝ Անուշը:
Սկզբում չեն հարմարվել Հալեպից այդքան հեռու եւ այդքան տարբեր կյանքին, բայց տարիների ընթացքում սովորել եւ այնքան են սիրել Կովսականը, որ կրկին տունը թողնելն ու այլ վայր փոխադրվելը շատ ծանր է եղել ընտանիքի համար:
«Այնտեղ թողեցինք մեր կյանքի մի մասը: Մեր շրջանից շատ զոհեր, անհայտ կորածներ կային, որոնց մեջ՝ նաեւ աղջկաս դասընկերներից, մեր ընկերներից; Պատերազմի օրերին երեխաների հետ Երեւան եկա, ամուսինս ավելի ուշ եկավ, դիրքերում էր: Ես եմ իրեն զանգել, ասել՝ պատերազմը վերջացավ, իջի՛ր դիրքերից; Եկավ՝ Կովսականի անտառներից բռնած երկու ծիտիկ եւ մեր տան բանալիները ձեռքին. ուրիշ ոչինչ չենք կարողացել բերել: Տասը տարուց ավելի տուն էինք դրել, ամեն ինչ ունեինք: Այնտեղ եմ թողել Հալեպից տարած օժիտս, որի մեջ հնագույն ձեռագործներ կային, տատիկիցս մնացած Մարաշի, Սվազի ձեռագործ ծածկոցներ, սփռոցներ, հալեպահայության մեջ հայտնի «ստվերով» ասեղնագործության ընտիր նմուշներ: Շատ եմ ուզում, որ դրանք օգտագործեն, չվառեն, քանի որ շատ հին եւ արժեքավոր աշխատանքներ են»,- ասում է Անուշը:
Հիշում է, որ պատերազմից օրեր առաջ արեւին էր փռել տատիկից իրեն հասած այդ գանձերը եւ աղջիկներին արդեն որերորդ անգամ ասել՝ որը ում է տալու:
Անուշը երկու դուստր եւ մեկ որդի ունի: Տղան Կովսականում է դպրոց գնացել, իսկ աղջիկները Հալեպի Սահակյան ազգային վարժարանից են Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան դպրոց փոխադրվել:
Ավագ դուստրն ասում է. «Շատ էինք սիրում մեր դպրոցը, մի ընտանիքի պես ապրում էինք: Լացելով եմ նայել այն տեսանյութերը, որտեղ երեւում է, որ ադրբեջանցիները մտնում են մեր դպրոց: Օրը մի քանի անգամ իրենց կայքերում Կովսականի մասին նյութեր եմ փնտրում: Մի օր էլ տեսա՝ մեր շենքի մոտով են անցնում, ցույց տվեցին, ասացին՝ սիրիացիների շենքն է»:
«Կովսականում Սիրիայից եկած մոտ տասնհինգ ընտանիք կար,- «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում ասում է Կովսական համայնքի ղեկավար Սուրեն Քարամյանը:-Ժամանակին ավելի շատ են եղել, հեռացել են, մինչեւ պատերազմը մշտական բնակվող տասը-տասնհինգ ընտանիք դեռ կար: Երեք ընտանիք նորից Արցախ է վերադարձել՝ գյուղական համայնքներում վերաբնակվելու նպատակով»:
Տեղեկացանք, որ Կովսականի ոչ միայն սիրիահայ, այլեւ մեծ թվով այլ բնակիչներ նույնպես ուզում են Արցախ վերադառնալ:
Պողոս Տեր-Ներսիսյանի ընտանիքը, որ այժմ Երեւանում է, նույնպես Արցախ գնալու մտադրություն ունի: Մի քանի ամիս է՝ չեն վճարել տան վարձը, տանտերը հասկանում է, չի նեղում, բայց երկար չեն կարող այդպես ապրել. «Ուզում ենք գնալ Արցախ, բայց դեռ վտանգ եմ զգում: Ասկերանի շրջանում են տուն առաջարկել, պիտի գնամ, իմ աչքով համոզվեմ՝ երեք երեխաների հետ ապահով կլինի, հետո կհամաձայնեմ: Մահմեդական երկրում ենք ապրել, բայց վտանգ չկար, չենք զգացել, հայն իր «դիրքը դրել էր»:
Այստեղ՝ իր երկրում, չի կարողանում «դիրքը դնել», վախով պիտի ապրի»։
Ըստ Սուրեն Քարամյանի՝ Արցախի կառավարությունը Ադրբեջանի գրաված տարածքների բնակիչների համար բնակարանաշինության լայնածավալ ծրագիր է իրականացնում, նաեւ Բադարա համայնքում: Ծրագրի շահառու են նաեւ Կովսականի բնակիչները, որոնք այսօր Հայաստանի զանազան վայրերում սպասում են փոխհատուցման ծրագրերի:
Պողոս Տեր-Ներսիսյանի ընտանիքը, սակայն, չի օգտվում նյութական որեւէ օժանդակությունից, քանի որ Արցախի գրանցում չունի:
«Թեեւ ունենք Քաշաթաղի շրջանում վերաբնակեցման գրքույկ, տան եւ հողամասի սեփականության վկայականներ, բայց չենք կարողանում օգտվել տեղահանված արցախցիներին տրվող դրամական օժանդակությունից: Ժամանակին ասում էին՝ Արցախի գրանցում ձեռք բերելու համար սիրիահայերը նախ Հայաստանի գրանցում պիտի ունենան, դա ունեցանք, բայց ինչ-ինչ պատճառներով Արցախի գրանցումն ուշանում էր: Պատերազմից առաջ կարծես թե արդեն ստացվում էր. ո՞վ կմտածեր, որ պատերազմ կլինի, եւ մեր կարգավիճակն այսպես օդում կախված կմնա»,- պատմում է Անուշը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից «Ալիք մեդիա»-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ վերաբնակեցման գրքույկը հայրենադարձներին հնարավորություն չի տալիս օգտվելու արցախցիներին տրվող նյութական օժանդակության ծրագրերից. Արցախի գրանցումը պարտադիր է: «Մեր գրասենյակը Արցախում բնակված հայրենադարձ ընտանիքների համար ֆինանսական աջակցության ծրագրեր չունի, այդ ընտանիքները օգտվում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ Արցախից տեղահանված եւ ՀՀ-ում կամ Արցախում գտնվող քաղաքացիների համար աջակցության միջոցառումներից: Մենք միայն հայրենադարձ այդ ընտանիքների տվյալները տրամադրում ենք մեր գործընկեր կազմակերպություններին կամ տարբեր անհատների՝ հավելյալ աջակցության համար»,- պատասխանեցին մեզ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
Անուշն ասում է, որ պատրաստ է, արդեն որերորդ անգամ, նոր կյանք սկսելու: «Ոչնչից չեմ վախենում, նորից կստեղծեմ, երեխաներիս հետ ամեն ինչ կանենք: Միայն շատ եմ ցավում զոհերի եւ հողերի համար: Շատ սիրիահայեր եկան եւ չմնացին Կովսականում, հեռացան, բայց մենք եւ էլի ուրիշներ կարողացանք հարմարվել, դժվարությունները հաղթահարեցինք, հավատում էինք, որ լավ կլինի, արդեն լավ էինք զգում, որ պահում ենք մեր հողը: Սովորել էինք. ամուսինս հողագործությամբ էր զբաղվում, ես երեխաների հետ բնության բարիքները հավաքում, պահածոյացնում էի: Այս տարի չափից շատ էի պատրաստել, որ վիրուսի պատճառով եթե ձմռանը նորից ճգնաժամ լիներ, նեղություն չզգայինք: Հիմա ադրբեջանցիները պիտի վայելեն։ Ամուսնուս համար Արցախն ամեն ինչ է. քառօրյային է մասնակցել, այս պատերազմին առաջին օրից գնացել է, ոտքը ցրտահարվել է, արդեն քանի ամիս է՝ տանը նստած է առանց բժշկական օգնության: Ամեն ինչ արեց հայրենիքի համար, բայց ափսոս, որ չի կարող սովորական բժշկական օգնությունից օգտվել. լսել ենք, որ կամավորներին գումար են տվել, դա էլ չի ստացել, թեեւ պատերազմի ավարտից հետո էլ դեռ դիրքեր էր պահում»:
Պողոս Տեր-Ներսիսյանն ասում է, որ Արցախի, Հայաստանի մասին դեռ մանկուց են լսել ու սովորել դպրոցում, Հալեպի «Նոր գյուղ» հայկական թաղամասում են ապրել: «Միշտ պատրաստ եմ եղել կռվել հայրենիքիս համար, բայց այս անգամ օդուժի դեմ ոչ մի բան չկարողացանք անել, բախտի քմահաճույքին էինք, ով փրկվեց՝ փրկվեց։ Այդքանից հետո տեսնում եմ, որ անհաշտություն կա հայերի միջեւ: Այս բաժանումները շատ վատ են»:
Անուշը նույնպես վատ է զգում, երբ լսում է, որ Երեւանում արցախցիներին ասում են՝ գնացեք ձեր Արցախը: «Շատ անսովոր է ու տհաճ: Մենք բոլորս հայ ենք, հետո էլ ասում են՝ հաշտություն լինի ադրբեջանցիների հետ: Նախ թող հայերի մեջ լինի հաշտություն, հետո՝ ադրբեջանցիների հետ: Մենք Սիրիայում այսպիսի բաներ չենք տեսել»:
Անուշը Սիրիայի եւ Լիբանանի հայության մի ինքնատիպ համայնքից է, որին տեղացիները (նաեւ սփյուռքահայերը) անվանում են «արման կադիմ» (հին հայեր): Նրանք Սիրիայում եւ Լիբանանում հաստատված հայերի այն սերունդն են, որոնց նախնիները կոտորած չեն տեսել, եւ որոնք Լիբանանում ու Սիրիայում ոչ թե ցեղասպանության հետեւանքով են հայտնվել, այլ շատ ավելի վաղ:
«Երբ ինձ հարցնում են, թե ազգանունդ ինչու է Քալզի, բացատրում եմ, որ պապիկս շատ վաղուց Քիլիսից գնացել է Հալեպ, ազգանունն են հարցրել, չի հասկացել՝ ինչ են հարցնում, արաբերեն չգիտեր, միայն կարողացել է ասել բնակավայրի անունը՝ Քիլիս, որն արաբերենով դարձել է Քալզի ու այդպես մնացել: Բոլոր «հին հայերը» այսպիսի ոչ հայկական ազգանուններ են կրում, բայց բոլորն էլ ունեն իրենց հայկական ազգանունները. իմը, օրինակ, Մովսիսյան է: Կհարցնեք՝ հայի հինը ո՞րն է. երկար պատմություն է։ Բոլորս մեկ ենք, մեկ ազգ ենք: Ես չեմ ուզում Հալեպ գնալ, ուզում եմ ապրել այստեղ, ուզում եմ կառավարությունն էլ գնահատի մեզ պես մարդկանց, որոնք ուզում են մնալ հայրենի հողի վրա: Գոնե մեր կորցրածի կեսը տան, ուրիշ բան չենք ուզում: Հիմա պիտի փորձենք վերաբնակվել. Հալեպից Կովսական, Կովսականից Հայաստան, Հայաստանից Ասկերան… չգիտեմ, եթե այս անգամ էլ չստացվի, ի՞նչ կարգավիճակ կունենանք»:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։