Բրիտանական Carbon Tracker վերլուծական կենտրոնը հրապարակել է էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցնելու դեպքում համաշխարհային տնտեսության վրա ֆինանսական հետեւանքների հաշվետվությունը: Carbon Tracker-ը լոնդոնյան վերլուծական կենտրոն է, որն ուսումնասիրում է ֆինանսական շուկաների վրա կլիմայի փոփոխությունների ազդեցությունը:
Ըստ Carbon Tracker-ի հետազոտության, էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցնելու դեպքում որոշ երկրներ կզրկվեն պետական բյուջեի դրամական մուտքերի 40%-ից:
Ըստ «BBC»-ի ռուսական ծառայության՝ էներգակիրներ արտադրող երկրները մինչեւ 2040 թվականը շուրջ 13 տրիլիոն դոլարի ֆինանսական կորուստներ կունենան: Հաշվետվության մեջ նկատի են առնված ոչ միայն նավթի ու գազի արտահանումից կախված երկրները, այլեւ տնտեսապես այնպիսի հզոր գերտերություններ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Չինաստանը, Մեծ Բրիտանիան եւ Հնդկաստանը:
Հետազոտողների օգտագործած մոդելը ենթադրում է տնտեսական աճի տեմպերի պահպանում եւ էներգակիրների նկատմամբ համապատասխան պահանջարկի աճ:
Carbon Tracker վերլուծական կենտրոնը էներգակիրների արդյունահանումից կախված պետություններին կոչ է արել անհապաղ սկսել տնտեսության դիվերսիֆիկացիան (ֆինանսական ռիսկերի նվազեցման՝ ռիսկերի տարանջատման սկզբունքի վրա հիմնված եղանակ, որը ենթադրում է միմյանց հետ կապ չունեցող ներդրումային օբյեկտների միջեւ կապիտալի բաշխման գործընթաց):
Դա առավելապես առնչվում է Իրաքին եւ Հասարակածային Գվինեային, որտեղ էներգակիրների արդյունահանումն ապահովում է պետական բյուջեի դրամական մուտքերի 80%-ը: Սաուդյան Արաբիայում այդ ցուցանիշը 60% է:
Հաշվետվության հեղինակները նշում են, որ էներգակիրներից կախվածության աճը կարող է կործանարար հետեւանքների հանգեցնել: Կլիմայի փոփոխությունն իր հերթին սովի եւ քաղաքական անկայունության պատճառ կդառնա, մինչդեռ դիվերսիֆիկացիան աղքատության դեմ պայքարն առավել արդյունավետ կդարձնի:
Ընդսմին, նախքան Carbon Tracker-ը կհասցներ հարապարակել իր հաշվետվությունը, Հարավային Կորեան (Կորեայի Հանրապետություն) հայտարարել է, որ է Ճոլլա-Նամդո նահանգի Սինան բնակավայրում նախատեսում է կառուցել քամու էներգիայով աշխատող աշխարհում խոշորագույն ծովային համալիրը, որի արժեքը, նախնական հաշվարկներով, կազմելու է 48 տրիլիոն վոնա (43 միլիարդ դոլար):
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը փետրվարի 5-ին ներկա է եղել ներդրումային համաձայնագրի ստորագրման արարողությանը:
Ըստ համաձայնագրի, մինչեւ 2029 թվականն այնտեղ կառուցվելու են 8,2 գիգավատ հզորությամբ օբյեկտներ, ինչը համազոր է 8 ատոմային ռեակտորների հզորությանը: Համալիրի շահագործումից հետո դեպի մթնոլորտ ածխածնի երկօքսիդի արտանետումները կնվազեն տարեկան 10 միլիոն տոննայով:
Նախագիծը կյանքի կկոչեն մի շարք խոշորագույն էներգետիկ ընկերություններ, որոնք ամբողջ ընթացքում կհամագործակցեն տեղի բնակչության հետ: Շահագործումից հետո համալիրում մշտական աշխատանքով կապահովվի 120 հազար մարդ:
Հարավային Կորեան նախատեսում է մինչեւ 2050 թվականը ածխածնի արտանետումները հասցնել զրոյական մակարդակի:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը