Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ Ատոմային էներգիայի գծով միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչները հաստատել են, որ Իրանն սկսել է մետաղական ուրանի արտադրությունը՝ ուղղակիորեն խախտելով 2015-ին կնքված իրանական միջուկային համաձայնագիրը:
Ամերիկյան Associated Press-ը հաղորդում է, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսեն գործակալության անդամ-երկրներին հայտնել է Սպահանի գործարանում փոքր քանակի՝ 3,6 գրամ ուրանի արտադրության փաստի հաստատման մասին:
Իրանը չի էլ թաքցնում ուրան արտադրելու իր մտադրությունը, նշելով, որ աշխատում են խաղաղ էներգետիկայի համար «կատարելագործված տիպի վառելիքի» արտադրության ուղղությամբ:
ՄԱԳԱՏԷ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազըմ Ղարիբ Աբադին հայտարարել է, որ նոր վառելանյութն արտադրվելու է Թեհրանի հետազոտական ռեակտորի համար: «Մետաղական ուրանի արտադրության առաջին փուլում օգտագործվելու է բնական ուրան»,- դեռեւս տարեսկզբին գրել է Աբադին Twitter-ի իր միկրոբլոգում:
Մետաղական ուրանը կարող է օգտագործվել միջուկային ռումբի լիցքի համար, ուստի դրա հետազոտումն ու արտադրությունն արգելված են 2015 թվականին կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով (JCPOA), որը անվանում են նաեւ «իրանական միջուկային համաձայնագիր»:
Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (JCPOA-ն) ստորագրվել է Վիեննայում՝ Իրանի, 5+1 խմբի (ՄԱԿԻ Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ինչպես նաեւ Գերմանիայի) եւ ԵՄ-ի միջեւ՝ 9 տարվա բանակցություններից հետո: 2018-ի մայիսին Դոնալդ Թրամփը հայտարարեց ԱՄՆ-ի՝ այդ համաձայնագրից դուրս գալու եւ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին: