Թուրքիայի պաշտապանության նախարար Հուլուսի Աքարը առաջարկել է Ռուսաստանից ձեռք բերված հակաօդային պաշտպանության S-400 զենիթա-հրթիռային համակարգերը մշտական մարտական հերթապահության չդնել: Առաջարկը բխում է ամերիկյան նոր վարչակազմի հետ շփումներ հաստատելու ձգտումից:
Նախարարը նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանն էլ 1997-ին ձեռք բերեց ռուսական ЗРК С-300 համակարգեր: Սակայն դա չհարուցեց Հյուսիսատլանտյան դաշինքի անդամների վրդովմունքը, որովհետեւ Աթենքը ռուսական ՀՕՊ համակարգերը մշտական մարտական հերթապահության չէր դրել:
«S-400-ը մշտական մարտական հերթապահության դնելու որոշում չկա: Մենք առաջարկում ենք գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի միջնորդությամբ բանակցություններ սկսել ՆԱՏՕ-ի շրջանակներում»,- հավելել է թուրք նախարարը:
Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հետևանքով ԱՄՆ-ն պաշտոնական Անկարային հեռացրել էր ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրից, քանի որ մտավախություն կա, որ նորագույն գաղտի տեխնոլոգիաները կարող են հասանելի դառնալ ռուսների համար: