Կառավարության վերջին նիստում Շիրակի մարզի տնակներում եւ ժամանակավոր կացարաններում ապրող նպաստառու ընտանիքներին մեկական խորանարդ մետր վառելափայտ տրամադրելու մասին որոշում է ընդունվել: Ինչո՞ւ է կառավարությունը հիմա`փետրվարի կեսին, հիշել սրա մասին:
Գյումրիի «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը դեմ չէ, որ կառավարությունը, թեկուզ ձմռան ավարտին, իր վրա վերցնի «Շիրակ կենտրոնի» այս մի ծրագրի իրականացումը։ Կազմակերպությունն արդեն տասը տարի է՝ վառելափայտ է բաժանում մարզի անապահով ընտանիքներին:
«Մի բեռ պակասեց, մեկ այլ կարեւոր ծրագրի վրա կկենտրոնանանք. Շիրակի մարզի հատկապես սահմանային գոտում հարյուրավոր հեկտար վարելահողեր տարիներով չեն մշակվում, դրանցով կզբաղվենք, կպատրաստենք գարնանացանին»,- մեզ հետ զրույցում ասաց Թումասյանը, որը լավ տեղյակ է մարզի սոցիալական խնդիրներից:
2005-ից ի վեր նրա ղեկավարած հասարակական կազմակերպությունը մարզում սոցիալական բազմաթիվ ծրագրեր է իրականացրել, եւ հենց նրա հետ է կառավարության ներկայացուցիչը խորհրդակցել վառելափայտի տրամադրման այս ծրագիրն իրականացնելու հարցով: «Նախարարն էր անձամբ եկել, մենք վառելափայտը բաժանելու մեր փորձը ներկայացրինք. ասեմ, որ անկախ քաղաքական հայացքներից, եթե խոսքը վերաբերում է Շիրակի մարզի խնդիրներին, ես սիրով պատրաստ եմ ներկայացնելու, ընդունելու, խոսելու, առաջարկելու: Անցած երեք ամիսներին այդ ընտանիքներին մենք ապահովեցինք վառելափայտով, հիմա էլ թող կառավարությունն անի»,- ասաց Թումասյանը՝ հիշեցնելով, որ ձմեռը, այո՛, ավարտվում է, բայց ոչ հանրապետության ամենացուրտ մարզում՝ Շիրակում, որտեղ մինչեւ ապրիլի վերջը տնակներն ու ժամանակավոր կացարանները ջեռուցելու կարիք է լինում:
«Դե, իհարկե, այլ հարց է, որ 21-րդ դարում կառավարությունը ցախ է բաժանում, բայց սա է իրականությունը»:
Տեղեկացանք նաեւ, որ վառելափայտի տրամադրման այս ծրագրից 20 եւ ավելի անապահովության միավոր ունեցող մոտ 1200 նպաստառու կօգտվի, եւս 300-ը (որոնք ինչ-ինչ պատճառներով նպաստառու չեն) «Շիրակ կենտրոնի» առաջարկով են ընդգրկվել ծրագրում:
Վահան Թումասյանի հաշվարկով վառելափայտը կտրամադրվի հիմնականում քաղաքաբնակ անապահովներին, քանի որ գյուղական բնակավայրերում դեռ կարողանում են կացարանները ավանդական եղանակով՝ աթարով ջեռուցել: Թեեւ կառավարությունն այս ծրագրի համար «Հայանտառ»-ից մեծ քանակությամբ վառելափայտ կգնի, այնուամենայնիվ, դա մարզի ոչ բոլոր անապահովներին կհասնի:
«Որոշ ընտանիքներ դուրս կմնան կառավարության ուշադրությունից, մենք կշարունակենք նրանց վառելափայտ տալ»,- հայտնեց «Շիրակի կենտրոն»-ի նախագահը: Իսկ թե ինչպես է գնահատում Շիրակի մարզում կառավարության սոցիալական ծրագրերը հարցին՝ նա պատասխանեց. «Մի ծրագրով չէի ցանկանա գնահատական տալ, կարճաժամկետ խնդիր են լուծում, թող բաժանեն, վերջացնեն, տեսնենք: Գնահատական կտայի, եթե բնակարանաշինության ծրագիր լիներ, աշխատատեղեր ստեղծվեին եւ այլն»:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։