Այս շաբաթ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ամփոփելով 2020 թվականի ցուցանիշները, հայտարարեց, որ անցած տարի թեեւ կորոնավիրուսը եւ պատերազմը որոշակիորեն խոչընդոտել են ծրագրերի իրականացումը, բայց ոլորտն ունեցել է երկնիշ՝ 20,6 տոկոսի աճ:
Նա ասաց նաեւ, որ անցած տարի Հայաստանում սկսվել է հետախուզական նշանակության անօդաչու սարքերի սերիական արտադրություն, որոնք կիրառվել են պատերազմի ընթացքում եւ արժանացել զինված ուժերի դրական գնահատականին: Իսկ հարվածային անօդաչու սարքերը փորձարկման փուլում են, եւ հաջող ավարտից հետո կսկսվի դրանց արտադրությունը:
«Հայաստանում ստեղծվել են գիտատար պրոդուկտներ եւ ընկերություններ, որոնք կարողացել են այնպիսի արդյունքներ ցուցաբերել, որ հետաքրքիր են դարձել վենչուրային ներդրողների, այլ ներդրողների համար: Եվ իրենց այդ գիտելիքահեն պրոդուկտների եւ ընկերությունների միջոցով կարողացել են ներգրավել շուրջ 50 միլիոն դոլարի ներդրումներ։ Հույս ունենք, որ առաջիկայում այս թվերը կավելանան»,- ասել էր Արշակյանը։
Ինչ խոսք, հատկապես 44-օրյա պատերազմում թուրքական Բայրաքդարներին պարտվելուց հետո բավականին հաճելի է լսել նախարարի այս խոսքերը: Բայց դրան չեն հավատում հենց նույն՝ ՏՏ ոլորտի մասնագետները:
«Հակոբ Արշակյանը Իլոն Մասկի հետ մրցակցության մեջ է մտել: Տիեզերքի հետազոտման մասին օրենք է ընդունում, լիցենզավորում: Իրեն ուզում է այդ մակարդակում պատկերացնել»,- ասում է «Հայկական ծրագրեր» ընկերության տնօրեն Աշոտ Խաչատրյանը:
«Հայկական Ծրագրեր» Ընկերությունն արդեն 34 տարի զբաղվում է բիզնեսի կառավարման համակարգեր մշակելով, ներդնելով եւ դրանց հետագա սպասարկմամբ: Առաջարկում է ինչպես տիպային լուծումներ միջին ու փոքր կազմակերպություններին, այնպես էլ առանձնահատուկ լուծումներ` բարդ հաշվառում ունեցող ձեռնարկություններին եւ բանկային համակարգեր`բանկերին ու վարկային կազմակերպություններին: 11 հազար պատվիրատուներով, 199 աշխատակիցներով «Հայկական Ծրագրերը» ոլորտի բացարձակ առաջատարն է Հայաստանում:
Զարգացած ռազմարդյունաբերություն ունենալուց կամ քիչ թե շատ նշանակալի արտադրանք տալուց առաջ նախ պետք է զարգացած բուհական համակարգ ունենալ: Խաչատրյանն ասում է՝ ՏՏ ոլորտում մենք չունենք արեւմտյան միջին բուհի բակալավրիատի մակարդակի գոնե մեկ շրջանավարտ, իսկ մագիստրատուրայի մակարդակի մասին խոսք չկա: Չունենք լուրջ ԱԹՍ-ներ կամ ռազմարդյունաբերական որեւէ լուրջ արտադրանք տալու ունակ հզորություններ:
«Եթե պատկերացնենք միջազգային կրթության բուրգը, վերեւում ամերիկյան, անգլիական եւ շվեյցարական համալսարաններն են, ներքեւում՝ մյուսները: Մենք այդ բուրգի ստորոտում ենք: Իսկ եթե պատկերացնենք տեխնոլոգիաների բուրգը, ռազմարդյունաբերությունը դրա գագաթին է, որովհետեւ հենվում է բոլոր տեխնոլոգիաների վրա, ամենակարեւորն է, երկրների, բնակչության համար ճակատագրական նշանակություն ունեցող: Ցածր կրթական մակարդակի պայմաններում ինչպե՞ս կարող ենք խոսել ռազմարդյունաբերության թռիչքների մասին»,- շեշտում է նա:
Ռուսաստանը, որի ռազմական տեխնիկան օգտագործում է մեր երկիրը, մինչեւ հիմա ԱԹՍ-ներ չունի, Եվրոպայի առաջատար Գերմանիան նույնպես չունի, Իսրայելից է ձեռք բերում: Բարձրորակ ԱԹՍ-ներ արտադրում են միայն ԱՄՆ-ն եւ Իսրայելը: Թուրքիան, որի Բայրաքդարները լայնորեն կիրառվեցին Արցախյան պատերազմում, այնքան էլ զարգացած ՏՏ ոլորտ կամ ԱԹՍ-ների արտադրություն չունի: Բայրաքդարներ ստեղծելու վրա էլ երկար տարիներ ու միլիարդավոր դոլարներ է ծախսել, եւ կկարողանա դրանք ընդամենը երկրորդական-երրորդական շուկա, օրինակ՝ Ուկրաինա, հանել: «Մենք ոչ մի անգամ ոչ մի բան ոչ մի տեղ չենք վաճառել: Բայց իրենք ասում են՝ մենք այս ենք արել, այն ենք արել: Դա պարզապես «բլեֆ» է: Եվ այդ ՏՏ «բլեֆը» 20 տարի է՝ ուտում է մեր ժողովրդին»,- ասում է Խաչատրյանը:
Իհարկե, նա հաստատում է, որ Հայաստանը ՏՏ ոլորտի մի քանի առաջատար ընկերություններ ունի, ինչպիսիք են «Պիքսարտը», «Կրիսպը», «IU Networks»-ը եւ այլն, բայց լուրջ չի ընդունում նախարարի ներկայացրած այն վիճակագրությունը, թե առկա է 1228 ակտիվ ընկերություն, կամ 2020-ին 192 նոր ընկերություններ ստացել են հավաստագրեր: Ասում է՝ աշխատանքում համակարգիչ օգտագործող դիզայներական, անիմացիայով զբաղվող, շինարարական եւ այլ ընկերությունների ներկայացնում են որպես ՏՏ-ականներ. «Եվ այդպես թվերն ուռճացնում են, ստանում հարկային արտոնություն, պետական պատվերներ, բանակի համար ինչ-որ բաներ են սարքում, ինչի հետեւանքով մեր երիտասարդները հազարներով զոհվում են»:
Արշակյանի գործընկեր, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հայտարարեց, թե ՏՏ ոլորտում շվեդական մի ընկերություն ցանկանում է Հայաստանում 1000 աշխատատեղով մասնաճյուղ հիմնել: Խաչատրյանն ասում է՝ եթե դա իրականություն դառնա, գործող մոտ 200 ընկերություն կփակվի, քանի որ մեր երկրում այդքան մասնագետ չկա: Նրա կարծիքով այդ հայտարարությունն էլ «բլեֆ» է:
Աշոտ Խաչատրյանն ասում է՝ այս պահին մեր երկրում ՏՏ ոլորտի բարձր մասնագետներ պատրաստել հնարավոր է, բայց ոչ թե բուհերում, այլ ընկերություններում. ուսանողներն արդեն 2- 3-րդ կուրսից սկսում են աշխատել: Այս ուսանողներն իրենց բուհերի դասախոսներից ավելի շատ գիտելիք են ունենում: Կրթության ոլորտի մասնագետներին նա խորհուրդ է տալիս ուսանողների ծրագրերն այնպես կազմակերպել, որ նրանք բուհում անցկացնեն ընդամենը մեկ-երկու օր, շաբաթվա մյուս օրերին որեւէ զարգացած ընկերության մասնագետների դասախոսությունները լսեն:
Բայց որակյալ կրթությունը բավարար չէ զարգացած արդյունաբերություն ունենալու համար: Պետությունը բարենպաստ գործարար միջավայր պետք է ստեղծի: Հակառակ պարագայում կոնկրետ ՏՏ ոլորտի մասնագետները կա՛մ կարտագաղթեն, կա՛մ էլ Հայաստանում կմնան, բայց կաշխատեն դրսի համար. «Հարց է առաջանում՝ արժի՞, որ մենք լավ կրթություն ունենանք: Լավ կրթությունը երկրին կծառայի, եթե արտադրական հարաբերությունները նորմալ լինեն, որ մեր մասնագետները մնան ու այստեղ պահանջված լինեն:
Ի վերջո մենք աներեւակայելի խելոք երեխաներ ունենք, բայց չունենք խելոք ղեկավարներ:
Երեւանը Խորհրդային Միության ՏՏ չորս կենտրոններից մեկն էր Մոսկվայի, Մինսկի եւ Կազանի հետ միասին: Ունեինք Մերգելյան ինստիտուտ, որտեղ տասներկու հազար մասնագետ էր աշխատում: Այդ ամենը զրոյի է հավասարվել: Հիմա Ադրբեջանն էլ, Վրաստանն էլ մեզանից շատ առաջ են»:
Խաչատրյանը ցավով է նշում՝ Ադրբեջանն արդեն լուրջ համալսարաններ ունի, նաեւ իր երիտասարդներին ուղարկում է արտերկիր՝ սովորելու: Նրանք վերադառնում են, իրենց երկրում լավ աշխատանք են ստանում: Բայց չէ՞ որ Ադրբեջանը հարուստ է եւ ունի հսկայական նավթադոլարներ, ինչը չունի մեր երկիրը: «Այո՛, փողը նշանակություն ունի, բայց այնտեղ պետական մոտեցում կա, մեզ մոտ «փուչիկային», ցուցադրական վիճակ է, թե՝ տեսեք, ԱԹՍ ենք սարքում: Տավուշյան դեպքերի ժամանակ ասում էին՝ տեսե՛ք, մեր բանակն ինչ հզոր է: Պարզվեց՝ բանակ չունենք: Մեզ ճանճի պես վերեւից ոչնչացրին: Մեր խնդիրը իրականությունը չտեսնելն ու սթափ խոսքը չլսելն է»,- հավելում է Խաչատրյանը:
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։