Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների պատվաստանյութի պաշարները բավարարում են, որ մինչեւ հուլիսի վերջը 300 միլիոն ամերիկացի պատվաստվի: 2019-ի տվյալներով ԱՄՆ-ում բնակվում է 328,2 միլիոն մարդ:
Բայդենն ասել է, որ երբ նոր-նոր ստանձնում էր նախագահի պաշտոնը, Միացյալ Նահանգները համավարակի դեմ պայքարի ծրագիր չուներ, այժմ իր վարչակազմը Pfizer եւ Moderna ընկերությունների հետ 100 մլն չափաքանակի պատվաստանյութի գնման պայմանագիր է կնքել:
Նախագահը, ելույթ ունենալով դիմակով, ամերիկացիներին հորդորել է պահպանել բժիշկների հանձնարարականները եւ մշտապես դիմակ դնել:
Ջոնս Հոփքինսի համալսարանի տարածած տեղեկության համաձայն ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 27,3 միլիոն է, մահացել է ավելի քան 474,5 հազար մարդ: Երկու տխուր ցուցանիշներով Միացյալ Նահանգները աշխարհում առաջին տեղում է: