Միացյալ Նահանգների Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների եւ խաղաղության հաստատման ծրագրի տնօրենն, Artsakh Atrocities Project-ի (Վայրագություններ Արցախում նախագիծ) ղեկավար Դեւիդ Ֆիլիպսը Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոնի պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում գրել է, որ ԱՄՆ-ը պետք է պատժամիջոցներ կիրառի Արցախի դեմ վերջին պատերազմում ներգրավված այն թուրքերի, ադրբեջանցիների եւ իսլամիստ ջիհադիստների նկատմամբ, որոնք պատերազմական հանցագործություններ են կատարել:
«Միացյալ Նահանգները պետք է պատժամիջոցներ կիրառի հանցագործությունը նախապատրաստողների դեմ, ճանապարհորդական արգելք կիրառի նրանց ու նրանց ընտանիքների նկատմամբ, սառեցնի հաշիվները: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ը պետք է գործերը տրամադրի «Ինտերպոլ»-ին եւ կարմիր տեղեկագիր հրապարակի՝ նրանց ձերբակալելու պահանջով»,- նշել է Դեւիդ Ֆիլիպսը:
Կոլումբիայի համալսարանի «Վայրագություններ Արցախում» նախագիծը հավաքագրել է պատերազմական հանցագործությունների եւ դրանց հեղինակների վերաբերյալ բոլոր տվյալները:
«Մենք գիտենք՝ ովքեր են այս հանցագործությունների հեղինակները: Բայց դեռեւս չգիտենք`արդյոք Բայդենի ադմինիստրացիան աչք կփակի Արցախի կոտորածների վրա, թե՞ դրանց հեղինակներին պատասխանատվության կենթարկի»,- նշել է Ֆիլիպսը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, որը կայուն է միայն ռուս խաղաղապահների շնորհիվ, շարունակում է պայթյունավտանգ մնալ:
Դեւիդ Ֆիլիպսը ԱՄՆ նախագահներ Քլինթոնի, Բուշի եւ Օբամայի վարչակազմերում ծառայել է որպես գլխավոր խորհրդական եւ արտաքին հարաբերությունների փորձագետ: 2001 թվականին եղել է Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նախաձեռնողը։