Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլու Բերդըմուհամեդովը, որը միաժամանակ կատարում է երկրի կառավարության ղեկավարի պարտականությունները, որդուն՝ Սերդարին նշանակել է փոխվարչապետի, այսինքն՝ իր տեղակալի պաշտոնում:
Բերդըմուհամեդով կրտեսերն իբրեւ կառավարության ղեկավարի տեղակալ, պատասխանատու է արտադրության բոլոր ճյուղերում թվային համակարգի եւ ինովացիոն տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաեւ այդ բնագավառի գործունեության վերահսկման համար:
Սերդարը, պետության ղեկավարի հրամանով, կդառնա նաեւ երկրի Անվտանգության խորհրդի անդամ:
Ավելի վաղ Թուրքմենստանի նախագահը փոխվարչապետի պաշտոնի ստեղծման մասին հրամանագիր էր ստորագրել:
Մինչեւ փոխվարչապետի պաշտոնի ստանձնումը նախագահի 39-ամյա որդին զբաղեցնում էր Թուրքմենստանի արդյունաբերության նախարարի պաշտոնը: