ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի շինարարության նախագիծը, որն իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից մեկն էր:
Բայդենը նաեւ չեղյալ է հայտարարել այդ նախագծի իրականացման նպատակով երկրում մտցված արտակարգ իրավիճակի ռեժիմը՝ միաժամանակ կարգադրելով ուսումնասիրել շինարարության համար տրամադրված միջոցների օգտագործման արդյունավետությունը:
Պատի մեծ մասը՝ շուրջ 700 կիլոմետր, արդեն կառուցված է։ Այն կանգուն է, քանի որ քանդելը դրամական միջոցների փոշիացում կդիտվի։
Ըստ ռուսական «Դոժդ» հեռուստաալիքի՝ ԱՄՆ միգրացիայի խնդրահարույց քաղաքականությունը եւ պատի կառուցման խոստումը Թրամփին օգնել էին նվաճելու քաղաքացիների համակրանքը։ Մինչդեռ, մասնագետների գնահատմամբ, նման վիթխարի պարիսպն անգամ ի վիճակի չէր լուծելու ԱՄՆ- Մեքսիկա սահմանից անօրինական միգրանտների թափացման խնդիրը:
2019-ին Դոնալդ Թրամփը Կոնգրեսին խնդրել էր 5,7 միլարդ դոլար տրամադրել պատի շինարարության համար, սակայն ստացել էր ընդամենը 1,4 միլիարդը: Դրանից հետո Թրամփը երկրում արտակարգ դրություն մտցրեց, ինչի շնորհիվ կարողացավ պարսպի շինարության համար անհրաժեշտ միջոցները ստանալ այլ գերատեսչությունների, օրինակ՝ Պենտագոնի բյուջեից:
Ներկայում Բայդենը միջոցներ է ձեռնարկում նախորդ վարչակազմի որդեգրած միգրացիոն քաղաքականության արդյունքում անօրինական վտարանդիների ընտանիքի անդամներին, հատկապես երեխաներին միավորելու ուղղությամբ: