Օրեր առաջ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում այս պատերազմից հետո առաջին սահմանային դեպքն է տեղի ունեցել: Ադրբեջանցիները գյուղի մի արոտավայրից տարել էին խնձորեսկցի հովիվ Տիգրան Արջունցի 185 ոչխարներից 174-ը:
Պատմում է հովիվը. «Դեպքը Թալակի ձորում է եղել, այդտեղ նոր գծված սահման կա, բայց մեր դիրքը շատ վերեւ են դրել, դրանից ներքեւ մենք ահագին հող ունենք: Ոչխարը գնաց դեպի ադրբեջանցիների կողմը, գնացի հետեւից, ինձ տեսան, մոտեցան, ավտոմատը պահեցին վրաս, ձեռքով ցույց տվեցին, որ մոտենամ, չմոտեցա, ռուսերեն խոսեցի, չհասկացան, ադրբեջաներեն էին խոսում, ես էլ թեեւ Բաքվում եմ ծնվել, բայց յոթ տարեկան եմ եղել, որ դուրս ենք եկել, չեմ հասկանում ադրբեջաներեն: Տեսա՝ շատ են մոտենում, ձիով մտա հոտի մեջ, կիսեցի հոտը, շրջվեցի, որ հետեւիցս ոչխարը գա, բայց իրենք մոտեցան, 185 ոչխարներից 12-ը թողեցին, մնացածը տարան: Զանգեցի գյուղի վարչական ղեկավարին, գյուղի հովիվներն ու սահմանապահները արագ եկան, մի քիչ հետո էլ վարչական ղեկավարը եկավ առաջին բանակային կորպուսի ղեկավարության հետ: Դե, բանակցեցին, ոչխարները վերադարձրին, հետո հաշվել եմ. մեկը պակաս էր: Այդ կողմերը էլ չեմ գնա, չէի պատկերացնում, որ այդքան կմոտենան: Արածեցնելու տեղ չկա, մնացել ենք շվարած, թե ուր տանենք ոչխարը: Ոչխարը սահման չգիտի, ինչքան իջնում է, խոտը լավանում է, հոտն ինքն իրեն քաշվում է դեպի ներքեւ»:
Թակարդի ձորը» (որ տեղացիներն անվանում են «Թալակի ձոր») 1990 թվականին մարզում հայտնի էր դարձել կրկին սահմանային միջադեպով. 1990 թվականի հոկտեմբերի 27-ի գիշերը ադրբեջանցիները սպանել էին ձորում գիշերած խնձորեսկցի չորս հովիվների (Սամսոն Բեգլարյան, Աշոտ Փանդունց, Սպարտակ Բաղդասարյան, Գառնիկ Գալստյան) եւ տարել նրանց անասնաֆերմայի ոչխարներին: Հետքերը տարել են դեպի Կուբաթլիի շրջան, բայց հանցագործությունն այդպես էլ չի բացահայտվել: Մարզը ցնցած այդ ոճրագործությամբ են Խնձորեսկում սկսվել սահմանային ընդհարումները:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։