Մեկ տարի առաջ այսօր Գերման Ավագյանը հրաժեշտ տվեց մեզ։ Չեմ գրում «լուսանկարիչ» բառը. բոլորը գիտեն, որ նա լուսանկարիչ էր, շատերն էլ գիտեն, որ սոսկ լուսանկարիչ չէր։
Արտիստ էր։
Հին, սովետական սովորույթով «արտիստ» ասում են դերասաններին կամ երգիչներին, բայց ինքն արտիստ էր արեւմտյան չափանիշով՝ արվեստավոր։
Մարդ, որ արվեստի մեջ է՝ նկարիչ, քանդակագործ, բանաստեղծ…
Վերջինը՝ հաստատ, եթե կենսագրության գիծը, հոր զինվորական ծառայության բերումով, չանցներ Վրաստան-Բելառուս-Գերմանիա ուղեծրով, որը բացառելու էր հայերեն կրթությունն ու մայրենի լեզվի բանաստեղծ լինելը։
Այսուհանդերձ, Գերմանը բանաստեղծ էր։
Ի՛ր լեզվով, պատկերը չկորցնելու կամ, ավելի ճիշտ՝ գտնելու ի՛ր ներշնչանքով, մարմինն ու առարկան բանավորելու ունակությամբ, շարժումը ոչ թե արձանագրելու, այլ փոխանցելու ձիրքով, լույսի ու ստվերի վեճը չհանգցնողի, հաշտարարի իր հմտությամբ։
Ֆիլմ Գերման Ավագյանի «Մահաբեր խաղալիքներ» լուսանկարչական նախագծի մասին։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։