Երեւան առաջին անգամ ոտք եմ դրել, երբ ութ-ինը տարեկան էի: Երեւանն ինձ համար հեռավոր մի քաղաք էր, որտեղ ունեի պապ, տատ եւ չորս մորաքույր: Եւ շաբաթը մեկ անգամ մայրս կապի Կիչանի հանգույցից Երեւանի հետ խոսակցություն էր պատվիրում՝ 9-18-73: Այդ տարիներին Երեւանի հեռախոսահամարները դեռ հնգանիշ թվերով էին: Եւ նրան Երեւանի հետ կապող հեռախոսավարը հաճախ թուրք Ալին էր լինում, որը ծոր տալով «Երեւա՜ն, Երեւա՜ն» էր կանչում, մինչեւ գծի մյուս ծայրից լսվում էր տատիս ձայնը, եւ մայրուաղջիկ երբեմն հինգ, իսկ առհասարակ տասնհինգ-քսան րոպե խոսում էին գյուղի նորություններից, մորաքրոջս ամուսնությունից կամ թե՝ աշնանը լոբին եւ ընկույզն ի՞նչ կարժենա, որովհետեւ տատս շուկայի լոբի չէր ուտում:
Գյուղից՝ Աստրախան, որտեղ բնակության էր գնացել մեր Վեներա մորաքույրը՝ երկրաբան ամուսնու հետ, տատս տեղափոխվել էր, որպեսզի նորածին թոռնուհուն խնամի, բայց դա տարիներ էր տեւել, եւ երկորդն էր ծնվել՝ տղա: Հետո պապս դպրոցական երկու աղջիկներին էր Աստրախան տեղափոխել, որ մոր մոտ լինեն, եւ նրանք այնտեղ ռուսական դպորց էին ավարտել: Մինչեւ որ մորաքրոջս Արշավիր ամուսինը բնակարանը փոխանակել էր Երեւանի հետ, եւ տատս փեսայի, աղջիկների եւ երկու թոռների հետ տեղափոխվել էր Երեւան։
Այդ արանքներում պապս Քանաքեռում գտել էր եղեռնից փրկված Պողոս եղբորորդուն եւ բեռները կապել-գնացել՝ միանալու հարազատներին, Ավշար գյուղում էլ քրոջ տղա Հովսեփին էր հայտնաբերել,- ահա այդպես, քառասուն տարվա ղարաբաղյան ուսուցչությունից հետո Բջնիի դպրոցի տնօրեն էր նշանակվել։
Արզումանյան փողոցի թիվ 7 շենքի 36-րդ երկսենյականոց բնակարանը ոչ միայն վեց հոգանոց ընտանիքի, այլեւ գյուղից Երեւան գնացող բոլոր բարեկամների, նրանց խնամիների, ծանոթների համար հյուրատուն եւ ննջարան էր դառնում կլոր տարին:
Դա 1969 թվականին էր, երբ մորաքույր Վեներան Արշավիր ամուսնու հետ Պակիստան երկու տարվա գործողումից նոր էին վերադարձել։ Նրանց կաթնագույն Գազ 21-ը բակում մի առանձնակի հպարտությամբ էր կանգնում, իսկ կոմունիստական Հայաստանի մայրաքաղաք վարդագույն Երեւանի փողոցներն ամռան ամեն օրվա լուսաբացին մաքրում էին ջրցան մեքենաները։
Արզումանյան-Հալաբյան փողոցների հատման կետում բոված-աղացած սուրճի հոտը խտղտացնում էր երեխայի իմ քիթը, եւ կողային շենքի նկուղային հարկի մթերայինը դիմավորում էր թարմ նրբերշիկներով, կարագով, արաժանի ապակե կիսաշշերով, կաթի տոպրակներով, որ տատս զգուշորեն դասավորում էր մետաղական ծալովի ցանցազամբյուղում:
Հետո գալիս էր չամիչով բուլկու հերթը, վերջում՝ տավարի փափուկ միսը, որ տատս տեղում երբեք աղալու չէր տալիս: Տանը ձեռքի մսաղացով մանրամասն ինքն էր քաշում, որպեսզի ամառային տոլման ճիշտ ժամին ճաշասեղանի իր տեղում լինի՝ բոլոր համեմունքներով, կանաչեղենով եւ մի թեթեւ տաքացրած մատնաքաշով հանդերձ:
Երդվյալ կուսակցականի, բայց ավելի շատ՝ մոլեռանդ ուսուցչի նվիրվածությամբ՝ պապս գյուղի դպրոցից, որ արդեն Գյումուշի ութնամյան էր, չէր կտրվում ամառային արձակուրդի եւ ոչ մի օր: Եւ ինչպես սովորեցրել էին Ալեքպոլի ամերիկյան որբանոց-վարժարանում՝ ժամը վեց անց կեսին արդեն ոտքի վրա էր լինում: Նրա լվացվելը տեւում էր երեւի մի տասնհինգ րոպե, հետո լոգարանից լսվում էր «Харкiв» էլեկտրաածելու բզզոցը: Էլի՝ մի տասը-տասնհիգ րոպե: Հետո մաքուր լվացված, թրաշված, արդեն շատ նոսրացած, բայց դեռ կոշտություն հուշող մազերը հարդարած՝ նա մեղմ երգելով մտնում էր խոհանոց, խմում իր մի բաժակ քաղցր թեյը ու շտապում, որ Մոնումենտի կանգառում գնացք նստի-հասնի Լուսավան, որտեղից Գյումուշ կամ ծանոթ մեկի մեքենայով էր իջնում, կամ՝ ավտոբուսով, կամ տաքսի էր վարձում՝ չգիտեմ, բայց երեկոյան միշտ նույն՝ ընթրիքի ժամին տանն էր լինում:
Պապս կիրակին մեզ էր նվիրում: Տանում էր Հրազդանի կիրճի մանկական այգին, որտեղ Թումանյանի հեքիաթների, գյուղական կյանքից պոեմների հերոսների մասին էր պատմում: Հետո փողոցն անցկացնում՝ Լենինգրադյան փողոցը,- որտեղ հիմա մարզահամերգային համալիրն է,- հասցնում էր լայն հրապարակի պես մի տարածք, որտեղից էլեկտրամոբիլներ էին բարձրանում Ծիծեռնաբաբերդ՝ նստեցնում, տանում էր: Ինձ, մորաքրոջս Հասմիկ աղջկան եւ Կարեն տղային:
Փողոցն անցնելուց առաջ միշտ մի գավաթ կվաս էր խմեցնում մեզ: Ինքն էլ հաճույքով խմում էր: Իսկ տատս ասում էր, որ հաջորդ անգամ չխմենք, որովհետեւ մոլոկանները, որպեսզի կվասը սառը մնա, անվավոր տակառներում, իբր, գետի գորտեր են պահում, որ նրանց սառնությունն անցնի խմելիքին։ Պապս, մինչդեռ, գովում էր մոլոկաններին, որ շատ աշխատասեր են եւ լավ թթուներ ունեն:
Այն տարիների երեւանյան փողոցներում դեռ կաթ-մածուն վաճառողներ էին հայտնվում՝ լուսաբացի հետ: Մանկական իմ ականջներին նախ աղբատար մեքենայի զանգակի զրնգոցներն էին առավոտ հուշում, ապա՝ մածնավաճառ քրդի ծորուն կանչը. «Մածուն, մածու՜ն, օցխըրի մածու՜ն… Դանակով կտրես՝ չանգալով ուտես»- եւ տատիս դժգոհությունը եւ արհամարհանքն առ քուրդն ու նրա մածունը. «Հողեմ ես քու թրիք կոլոլող գլուխը»: Նույն «պատվին» նա արժանացնում էր Ապարանի գյուղերից իջած եւ Արզումանյան, Հալաբյան, Շինարարների փողոցների վրա տասը տարի բանվորությունից հետո խրուշչեւյան քառահարկ շենքերում բնակարան ստացածներին, որովհետեւ, հասկանու՞մ եք, ինքը թեեւ գյուղում մեծացած, բայց Սամարղանդ տեղը վաճառական հորեղբայր է ունեցել՝ Արշակ Թելյան-Գաբրիելյանց, որ Վարշավայում սիրուհի էր պահում եւ եղբոր որբերին մի ամբողջ երկաթուղային վագոն կարասի, շոր, սպասք է ուղարկել է՜ն հեռավոր 1918 թվի ամռանը, եւ գյուղի բոլոր սայլերը երկու շաբաթ, երեք շաբաթ, չէ՝ կլոր ամիսուկես այդ բեռը երկաթուղու Եվլախ կայարանից հասցրել են որբեւայրի մնացած Սաթենիկ իր մորը:
Եւ դեռ նորահարսի իր միամսյա շրջագայությունը Թիֆլիս, Սոչի՝ սեւծովյան ամառանոցային քաղաքներ ու ավաններ: Եւ դեռ Հաշտարխանի տասնամյա կյանքը: Ինքն ազնվական էր եւ Երեւան մեծ քաղաքում մի շատ տաքուկ բարեկամություն էր ստեղծել գյուղի հին ազնվականներից սերած Գրիգորյան Ահարոնի, Մովսիսյան Սանթրիի, Ադունց Գրիշի եւ չեմ հիշում արդեն՝ էլ ում հետ, իսկ պապս տնից զանգում՝ Մոսկվա մայրաքաղաքի կարեւոր գործերից կտրում եւ կես –հայերեն, կես-ռուսերեն խոսում էր ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանի հետ, զանգում՝ Կարեն Դեմիրճյանի հորն ասում էր. «Սերոբ, եկող կիրակի չհանդիպե՞նք»: Պապս Կարեն թոռան ծննդյան օրով բանաստեղծ Սարմենին տուն էր հրավիրում, եւ նա կարդում էր «Կմեծանա թոռնիկս…» ոտանավորը..
Այդ ամառնավերջի մի օր Գյումուշի նախագահը պապիս «հանդերձ ընտանյոք» Ախթամար ռեստորան հրավիրեց: Եւ երբ սեղան պիտի նստեինք՝ պապս բաց պատշգամբում տեսավ կարճահասակ, ճերմակ մազերը ետ սանրած մի բարեկիրթ մարդու եւ ասաց. «Այ, քո հոր ընկեր Ռուբեն Զարյանն է, արի տանեմ՝ ծանոթացնեմ»: Եւ երբ գրող-մտավորական խմբից այդ մարդն առանձնացավ, սեղմեց պապիս ձեռքն ու երբ նա ասաց՝ «Սերգեյի տղան է»- փափուկ շոյեց գլուխս ու գովեստի մի քանի խոսք ասաց, ինձ յոթերորդ երկնքում եւ սքանչելիորեն մաքուր, վառ, գունեղ եւ կիրթ Երեւանի մի մասնիկ կարծեցի: Եւ այդ զգացումն ընդմիշտ մնաց եւ ինձ չի լքում: Որովհետեւ ազնվական Երեւանի էություն չեմ ներխուժել: Եւ Երեւանը միշտ ինձ ողջունում է:
-Բան չասեք Երեւանիս: Երեւանն իմ սրբությունն է:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։