Ըստ «Արմենպրես»-ի՝ Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն եւ Պատարա գյուղերի միջեւ ընկած տարածքում մեկնարկել են Ջրաղացներ, Մոշխմհատ, Մադաթաշեն եւ Սղնախ գյուղերից տեղահանված քաղաքացիների համար նախատեսված նոր՝ ավելի քան 644 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակավայրի կառուցման աշխատանքները:
Արցախի քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Մարտա Դանիելյանը հայտնել է, որ նախատեսվող 116 առանձնատներից մի քանիսը պատրաստ կլինեն առաջիկա ամիսների ընթացքում: Բնակավայրի շինարարությունն ամբողջությամբ կավարտվի 2022-ի դեկտեմբերին:
«Առանձնատները, որոնց նախագծի համար օրինակ է ծառայել Քաշաթաղի Աղավնոն, կլինեն 2-4 սենյականոց: Յուրաքանչյուր առանձնատանը կհատկացվի 1500 քառակուսի մետր տնամերձ հողատարածք: Գլխավոր ճանապարհի հարեւանությամբ կկառուցվի նաեւ շուկա»,- մանրամասնել է Դանիելյանը: