Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը գրում է, որ Չինաստանի իշխանությունները հրաժարվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետներին տրամադրել կորոնավիրուսով վարակման առաջին 174 դեպքերի վերաբերյալ չմշակված տվյալները:
ԱՀԿ փորձագիտական խմբի անդամ՝ ավստրալիացի գիտնական Դոմինիկ Դուայերն ասում է, որ չինական կողմն իրենց սոսկ մի քանի նմուշօրինակ ցույց տվեց, բայց դա համաճարակաբանական հետաքննությունների համար բավարար չէ:
Նրա խոսքով՝ մեծ է հավանականությունը, որ վարակման դեպքերն արձանագրվել են մինչեւ 2019-ի դեկտեմբերը, սակայն Չինաստանում ԱՀԿ առաքելությանն առաջարկել են բավարավել միայն չինական կողմի հետազոտական տվյալներով, ըստ որոնց Ուհանում վիրուսի ավելի վաղ տարածման ոչ մի ապացույց չկա:
Խմբի մյուս անդամ Թեա Ֆիշերի պնդմամբ էլ ինքը չինական կողմի ու առաքելության մասնագետների՝Ուհանում հավաքած տվյալների միջեւ անհամապատասխանություն չի տեսել։ Նա ասել է, թե ավելի խոր հետազոտության համար այնուամենայնիվ չէր խանգարի ծանոթանալ նախնական տվյալներին:
Դուայերի կարծիքով, նախնական տվյալների տրամադրումից հրաժարումը լուրջ խնդիրներ է առաջացնելու ԱՀԿ-ի եւ Չինաստանի հարաբերություններում: