Շոկոլադ արտադրող համաշխարհային խոշորագույն ընկերություններ Mars-ի, Nestle-ի, Hershey-ի դեմ Վաշինգտոնում դատական հայց է ներկայացրել International Rights Advocates (IRA) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը՝ դատարանում հանդես գալով որպես ստրկական աշխատանքի մատնված ութ երեխաների շահերի պաշտպան:
Շոկոլադ արտադրող Mars, Barry Callebaut, Nestle, Cargill, Hershey, Olam եւ Mondelēz ընկերությունների դեմ գործ է հարուցված՝ Արեւմտյան Աֆրիկայի Կոտ դ’Իվուարի (Փղոսկրի Ափի) կակաոի պլանտացիաներում իբրեւ ձրի աշխատուժ՝ հազարավոր երեխաների անօրինական մատակարարումների շղթան ապահովելու, նրանց ստրկացման գործում հանցակցության եւ անվճար աշխատանքի դրդման մեղադրանքով:
Մալիում ծնված պատանիների անունից International Rights Advocates-ը վնասի փոխհատուցում է պահանջում հարկադրական աշխատանքի, անբարեխիղճ հսկողության, երեխաների հաշվին անաշխատ եկամուտներ ապահովելու համար:
ԱՄՆ-ում կակաո արտադրողների դեմ առաջին անգամ է խմբակային դատական հայց ներկայացվում:
Կոտ դ’Իվուարն (Փղոսկրի Ափ) ապահովում է աշխարհի շուրջ 45 տոկոս կակաոյի՝ շոկոլադի հիմնական բաղադրիչի մատակարարումը: Արեւմտյան Աֆրիկայում կակաոյի արդյունահանումը վաղուց կապում են մարդու իրավունքների ոտնահարման, չքավորության, ձրի աշխատուժի եւ երեխաների շահագործման հետ:
Մարդու իրավունքների ոտնահարումների եւ անօրինական աշխատանքի վերացման ամենաարդյունավետ միջոցը, ըստ Hershey-ի պաշտոնական ներկայացուցչի, պետք է փնտրել ոչ թե արեւմտյան դատարաններում, այլ բուն Աֆրիկայում՝ չքավորության նվազեցմամբ՝ ֆինանսական ներդրումներով եւ օրենսդրական միջամտությամբ: