«Ռազմագիտության ուսուցիչս ասում էր՝ պատերազմն անխուսափելի է, ես էլ միշտ սպասման մեջ էի, գիտեի, որ այդ չարաբաստիկ օրը գալու է»,- այս խոսքերով է զրույցը սկսում Արցախյան պատերազմի մասնակից Ավետիք Կալամդարյանը:
Երիտասարդը զորացրվել էր 2019 թվականին, ընդամենը մեկ տարի անց նա կրկին մեկնեց Արցախ՝ այս անգամ պատերազմին որպես կամավոր մասնակցելու:
«Սեպտեմբերի 27-ի առավոտյան ֆեյսբուքում տեսա եղբորս գրառումը՝ «#Հաղթելու ենք», հարցրի՝ ի՞նչն ենք հաղթելու, պատասխանեց՝ կռիվը. այդ գիշեր հասկացա, որ այդքան սպասված, բայց միեւնույն ժամանակ զարհուրելի օրը եկել է»,- հիշում է Ավետիքը: Հաջորդ օրը ընտանիքին ասել է, թե գնում է համալսարան եւ գնացել է զինկոմիսարիատ՝ կամավորագրվելու:
Ռազմաճակատ մեկնելու ճանապարհը երգով, պարով ու ծիծաղով են անցել. hայրենասիրական, ազգային-ազատագրական երգերը քաջալերում էին: Ավետիքը պատկերացնում էր, որ պատերազմը շատ դաժան եւ աննկարագրելի է լինելու, բայց սկզբից էլ վստահ էր, որ վերադառնալու է:
«Գրքերում եւ ֆիլմերում նկարագրվող պատերազմը ռոմանտիկացված է, սերը հաղթում է պատերազմին, բոլորը պատրաստ են մեռնելու, ոչ ոք չի վախենում, իսկ իրական պատերազմը բոլորովին այլ է՝ սահմռկեցնող եւ մահազդու»,- ասում է Ավետիքը։
Իրենց ջոկը սկզբում մարտեր է մղել Աղդամում, ապա տեղափոխվել է Շուշի: Մարտակից ընկերների մեջ կային զինվորներ, որ Արցախյան երեք պատերազմներին էլ մասնակցել էին։
«Հերոսներ, որ հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը կատարել էին, կրկին զենք էին վերցրել: Նրանք իրենց օրինակով փորձում էին սառնասրտություն քարոզել ռազմադաշտում, ասում էին՝ երբ քեզ վրա կրակում են, դու էլ պետք է կրակես, պատերազմի դաշտում խղճի համար տեղ չկա, կա միայն թշնամի եւ թիկունքում գտնվող հայրենիք, որը պետք է պաշտպանել»,- հիշում է Ավետիքը։
Նրանք փորձառու էին, բայց Ավետիքի կարծիքով այս պատերազմում փորձն առաջնայինը չէր, քանի որ նախորդ պատերազմները ԱԹՍ-ների դեմ կռվել չէին սովորեցրել, ուղղակի պետք էր ունենալ գերժամանակակից տեխնիկա եւ հնարավորինս լավ տիրապետել դրան:
Ավետիքը պատմում է, որ ամեն ինչով ապահովված են եղել, նույնիսկ սննդի այնքան պաշար են ունեցել, որ եւս մեկ ամիս նրանց կբավականացներ: Նրա կարծիքով իրենց խնդիրը բանակի մարտունակության հետ էր կապված, ուղղակի պատրաստ չէին նման պատերազմի։
Ավետիքը մեկ ամսից ավելի կռվի դաշտում էր, երբ նոյեմբերի 6-ին՝ Շուշիի մարտերի ժամանակ, վիրավորվեց․ ոտքն ու ականջը վնասվել էին, վիրահատության կարիք կար։
«Գիտակցում էի, որ հնարավոր է հաջորդ հարվածն էլ կյանքս խլեր, բայց հանուն հայրենիքի զոհվել պետք չէր, հայրենիքի համար պիտի պայքարես, որ ապրես եւ փրկես մարտակից ընկերներիդ,- շունչ է քաշում ու շարունակում,- հիշում եմ ընկերոջս՝ Վարդանին, որ պայթյունների ժամանակ մի ձեռքով իր գլուխն էր ծածկում, իսկ մյուսով՝ իմը:
Ռազմաճակատում զինընկերոջդ կյանքի համար սկսում ես անհանգստանալ այնքան, որքան սեփականիդ համար»:
Ավետիքի վիճակը վիրահատությունից հետո լավ է: Պետությունից 263.000 դրամի օժանդակություն է ստացել եւ, որպես պատերազմում վիրավորված զինվոր, եւս 500.000 դրամ կստանա: