ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը լրագրողներին տեղեկացրել է, որ այսուհետեւ Սյունիքում տարբեր թեմաներ լուսաբանելու համար անհրաժեշտ է ունենալ ԱԱԾ մարմինների համաձայնությունը: ԱԱԾ-ի մեկնաբանմամբ այս որոշման ընդունումը պայմանավորված է ստեղծված օպերատիվ իրավիճակով եւ անվտանգության նկատառումներով, ինչպես նաեւ ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքով:
«Գորիսի մամուլի ակումբի» նախագահ Սուսաննա Շահնազարյանը կարծում է, որ դրա մեջ անորոշություն կա: «Հստակ չէ, թե «տարբեր թեմաներ» ասելով ինչ նկատի ունեն: Ենթադրենք՝ լրագրողն ուզում է լուսաբանել ինչ-որ բնակավայրի ինչ-որ խնդրի մասին ավագանու որոշումը, դրա մասի՞ն էլ անպայման պիտի հարցնի: Ես դեմ եմ ԱԱԾ-ի այդ որոշմանը, որովհետեւ տարիներ շարունակ ասվել է, որ սահմանամերձ բնակավայրերի, ընդհանրապես մարզերի կյանքը պատշաճ չի լուսաբանվում, լրատվամիջոցները քիչ են անդրադառնում հեռավոր շրջաններին, հիմա, երբ սահմանների կյանքը սկսել է հետաքրքրել լրատվամիջոցներին (պատերազմից առաջ լուսաբանման աշխուժություն էր սկսվել, պատերազմի ժամանակ ու պատերազմից հետո՝ առավել եւս), սահմանափակում են դնում: Միշտ խոսել ենք, որ սահմանային գոտու մասին օպերատիվ նյութեր չեն գրվում, այս որոշումից հետո ի՞նչ օպերատիվության մասին է խոսքը: Օրերս էլ Սյունիքի (նաեւ Գեղարքունիքի) սահմանամերձ բնակավայրերի ցանկում մոտ 40 անուն է ավելացել, պատկերացնում եք՝ ինչքան խնդիրներ, ինչ ընթացիկ թեմաներ կան այդ գյուղերում, որ պիտի լուսաբանվեն: Այլ հարց է, թե այդ լուսաբանումները որքանով են իրենց նպատակին ծառայում, տեղ հասնո՞ւմ են, թե՞ ոչ: Ժամանակին, երբ մամուլը սուր հարցեր էր բարձրացնում, պատկան մարմինները քննարկում էին, լուծում դրանք, իսկ այսօր այդպիսի հարցերը հաճախ օդում կախված են մնում:
Տարիներ շարունակ խոսվել է, որ խոսքի ազատության առումով խնդիրներ կան, հիմա պարզվում է, որ մի քայլ հետ ենք գնում: Լրագրողների աշխատանքը միշտ էլ խոչընդոտվել է, բայց վերջերս՝ ավելի շատ:
Կարծում եմ, որ լրատվամիջոցը, եթե ունի իր էթիկական սկզբունքների կանոնագիրը, այս հարցերն ինքը պետք է կարգավորի. հաշվի առնելով իրավիճակը, հասկանա՝ ինչքանով կարելի է այս կամ այն հարցը հանրայնացնել, բայց դա որոշում դարձնելը սխալ է:
Անվտանգությանն առնչվող շատ ավելի ակնհայտ հարցեր կան, որոնց արժի, որ ԱԱԾ-ն ուշադրություն դարձնի»,- «Ալիք մեդիա»-ին ասաց Սուսաննա Շահնազարյանը:
«Գորիսի մամուլի ակումբը» մեկն է լրատվամիջոցների, լրագրողների իրավունքների եւ խոսքի ազատության հարցերով զբաղվող այն տասը հասարակական կազմակերպություններից, որ օրերս դատապարտել է ԱԺ՝ լրատվամիջոցներին վերաբերող վերջին օրենսդրական նախաձեռնությունը (վիրավորանքի եւ զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցմանն առչնվող)՝ դրա մասին արված հայտարարության մեջ անդրադառնալով նաեւ Սյունիքին վերաբերող ԱԱԾ վերոնշյալ որոշմանը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Այս հետադիմական նախաձեռնությունների պայմաններում ԶԼՄ-ներին վերաբերող իշխանությունների ցանկացած քայլ լրատվական ոլորտում կամա թե ակամա ընկալվում է որպես հերթական ճնշում խոսքի ազատության նկատմամբ՝ պայմանավորված նեղ քաղաքական գերակայություններով։ Ինչպես, օրինակ՝ Սյունիքի որոշ տարածքներում լրագրողների աշխատանքի համար ԱԱԾ-ի կողմից մտցված սահմանափակումների դեպքում: Այդ առնչությամբ հրապարակված հայտարարություններն ու պարզաբանումները, ինչպես նաեւ իրականացված գործողություններն անորոշություն են առաջացնում, հակասական են եւ ստիպում են դրանցում տեսնել քողարկված օրակարգեր»:
Հայտարարությունը ստորագրած լրագրողական կազմակերպությունները մի շարք հարցերի թվում պետական մարմիններից պահանջել են նաեւ «լրատվամիջոցների հետ հաղորդակցությունը կառուցելիս ապահովել տեղեկատվության ազատության եւ հասարակության իրազեկ լինելու իրավունքի իրացումը»:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում նշեց, որ ԱԱԾ-ի նման քայլը ինչ-որ տեղ գուցե արդարացված է. «Բայց մենք դեռ հիշում ենք, թե պաշտոնական տեղեկատվությունը ինչպես էր թյուրիմացության մեջ գցում հանրությանը, այս առումով նման քայլերը մտավախություն են առաջացնում, քանի որ դիտվում են որպես խոսքի ազատության սահմանափակում:
Պարզ է, որ շփման գոտում Հայաստանը նոր սահմաններ պետք է գծի, նոր խրամատներ կառուցի, որոնք մեծ հաշվով ռազմական գաղտնիք են պարունակում, եւ դա ցույց տալը, հրապարակելը ճիշտ չէ: Բայց հասկանալի է, բոլոր թեմաները չէ, որ պետք է անցնեն այդ որոշմամբ: Իմ կարծիքով կարիք չկա, որ, օրինակ, Կապանում կամ Սիսիանում ինչ-որ թեմա, միջոցառում լուսաբանելու համար լրագրողը ԱԱԾ-ից համաձայնություն ստանա: Ամբողջ խնդիրը պահանջների եւ պայմանների հստակեցման մեջ է: Մյուս կողմից՝ քանի որ մենք այսօր գործ ունենք քաղաքական սրված պայքարի, լրատվամիջոցների բեւեռացման հետ (փաստորեն լրատվամիջոցները դարձել են քաղաքական համակարգի եւ քաղաքական պայքարի մաս), այս պայմաններում, իհարկե, չի բացառվում, որ որոշ լրատվամիջոցներ, սահմանային այդ խնդրահարույց տեղերում գտնվելով, իրենց լուսաբանումները ծառայեցնեն քաղաքականությանը եւ ինչպես այլ թեմաներ լուսաբանելիս, այս դեպքում էլ ապատեղեկատվություն տարածեն: Այս խնդիրը բազմաշերտ է, բայց կարծում եմ, որ կարգավորվող է: Եթե հարցի պատասխանատուները մի քիչ ավելի խորն ուսումնասիրեին, խորհրդակցեին մեդիա հանրության հետ, ավելի հավասարակշռված որոշումներ կարող էին կայացնել»:
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ԱԱԾ-ի կողմից սահմանափակման նման նախադեպ չի հիշում:
«ԱԱԾ-ի կողմից կարող է լինել այդպիսի որոշում, բայց մյուս կողմից պետք է հարգվի լրագրողների, լրատվամիջոցների ազատությունը: Որոշումը, պարզ է, որ չի կարող վերաբերել ամբողջ Սյունիքի տարածքին: ԱԱԾ-ի կամ այլ կառույցի կողմից լրագրողին տրված սահմանափակումները պետք է հասկանալի լինեն, ի վերջո լրագրողն իրեն արտոնված գործողությունների սահմաններում անելու է այն, ինչ կարեւոր է համարում լսարանի համար»:
Պետական մարմինների կողմից լրագրողների աշխատանքի սահմանափակումները մտահոգում են նաեւ Հայաստանում միջազգային լրատվամիջոցների հետ աշխատող լրագրողներին եւ լուսանկարիչներին:
Ֆրանսպրես (AFP) լրատվական գործակալության Հայաստանի ներկայացուցիչ, լուսանկարիչ Կարեն Մինասյանը «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը դեռեւս իր վրա չի զգացել սահմանափակումները, բայց փաստը, որ մյուս լրատվամիջոցների համար կան այդպիսիք, արդեն մտահոգող է։
«Կարծում եմ՝ կզգուշանան միջազգային լրատվամիջոցների համար խիստ արգելքներ սահմանելուց: Եվ ընդհանրապես, եթե հարցը վերաբերում է Հայաստանի տարածքում աշխատելուն, այդ ազատությունը ոչ մի կերպ չպետք է սահմանափակվի»,- ասում է Կարեն Մինասյանը՝ չբացառելով, որ ԱԱԾ սահմանափակումները գուցե նաեւ լրագրողների անվտանգության համար են արվում, հատկապես այն տարածքներում, որտեղ ճանապարհներին ադրբեջանական ուժեր են կանգնած:
Ներքին Խնձորեսկի միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Հերմինե Դիլանչյանն ասում է, որ մինչեւ ԱԱԾ-ի այս հայտարարությունը գյուղ ամեն օր լրագրող էր գնում, հիմա հոսքը դադարել է կամ պակասել: «Չգիտեմ՝ այդ որոշումո՞վ է պայմանավորված, թե՞ ուղղակի ինչ-որ պիտի նկարեին, արդեն նկարեցին, լուսաբանեցին…
Եթե ԱԱԾ այդ որոշումը վերաբերում է նրան, որ լրագրողները չնկարեն եւ ցույց չտան սահմանամերձ գյուղերի բնակիչների տեղաշարժը, սահմանները, հենակետերը, անիմաստ է, քանի որ ադրբեջանցիները շատ լավ տեսնում են մեր տեղաշարժը, ամեն ինչը դիտում են, դա երեւում է մեր գյուղի օրինակով. մենք իրենց ենք տեսնում, իրենք՝ մեզ: Մյուս կողմից՝ անհասկանալի է, թե լրագրողները, մեր գյուղ գալով եւ հարցեր բարձրացնելով, ում են դիմում, ում են ցույց տալիս մեր խնդիրները: Եթե կառավարությանը, ապա ոչ մի արձագանք էլ չի լինում, ինչ հարց բարձրացրել են, ինչ խնդրի մասին նկարել են, ոչ մի տեղաշարժ չի եղել, ամեն ինչ նույնն է:
Լրագրողներից բացի՝ այլ մարդիկ էլ են գալիս մեր գյուղ, նրանք էլ են նկարում, տարածում սոցիալական ցանցերում: Իսկ այդ հարցը ԱԱԾ-ն ինչպե՞ս է կարգավորելու: Այն, ինչ լինում է գյուղում, այսօր արագ տարածվում է՝ անկախ նրանից՝ լրագրող կա՞, թե՞ չէ. գյուղացիներն էլ են տարածում, սոցիալական հարթակները տալիս են այդ հնարավորությունը: Ավելի լավ է պետական մարմինները մեր ապահովությամբ զբաղվեն, մեր խնդիրները լուծեն, ոչ թե սահմանափակումներ մտցնեն»:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։