Ճապոնիայի նախարարների խորհրդի քարտուղար Կացունոբու Կատոն հայտնել է, որ կառավարությունում ստեղծվել է նոր ՝ միայնակության հարցերով նախարարի պաշտոն:
«Պաշտոնի ստեղծման պատճառը ցածր ծնելիություն ունեցող, ծերացող հասարակությանը բնորոշ խնդիրներն են, կանանց եւ երիտասարդության շրջանում ինքնասպանության դեպքերի աճը»,- նշել է Կատոն, հավելելով, որ միայնակ բնակիչների խնդիրն հատկապես սրվել է համավարակի շրջանում:
Միայնակության հարցերի նախարար է նշանակվել տարածաշրջանային զարգացման ներկայիս նախարար Տեցուսի Սակամոտոն, որը համատեղելու է երկու պաշտոնները:
Նրա պարտականությունների մեջ է մտնում ինքնասպանության կանխարգելումներով եւ տարեց մարդկանց, չունեւոր ընտանիքների, երեխաների խնամքով զբաղվող կառավարական մի քանի գործակալությունների աշխատանքի համաձայնեցումը:
Նախորդ տարի Ճապոնիայում կորոնավիրուսի համավարակի ընթացքում կանանց շրջանում ինքնասպանության դեպքերը աճել են 14,5%-ով: Տղամարդկանց դեպքում՝ անցած տարվա համեմատ, ինքնասպանությունները նվազել են 1 տոկոսով։