Աբովյանից քսանամյա Գարիկ Թորոսյանը ժամկետային զինծառայության մեջ էր, երբ սկսվեց պատերազմը: Նախիջեւանի դիրքերում անսպասելիորեն ասել են, որ իրենց Ջրական (Ջաբրայիլ) պիտի տանեն: «Եղբայրս փորձել էր ծանոթների միջոցով այնպես անել, որ ինձ Արցախ չտանեն, բայց ես անձամբ մոտեցա հրամանատարիս ու ասացի, որ անպայման ուզում եմ գնալ Արցախ: Փորձում էի ծնողներիցս թաքցնել, որ Արցախ եմ մեկնել, բայց նրանք, ինձ լավ ճանաչելով, գլխի էին ընկել»,- պատմում է Գարիկը:
Սկզբում չէին հասկանում, թե ինչ է կատարվում, ու որոշ չափով վախ կար, բայց երբ սկսեցին մասնակցել ռազմական գործողություններին, վախը անցավ: Պատմում է, որ եղանակն էլ էր ազդում մարտերի վրա. մռայլ եղանակն իրենց համար ավելի բարենպաստ էր, քանի որ թշնամին չէր կարողանում Բայրաքթարներ ու ԱԹՍ-ներ օգտագործել այդ պայմաններում:
Պատերազմական անցուդարձից Գարիկի մեջ հատկապես տպավորվել է, թե ինչպես է իրենց ստորաբաժանումը թշնամու ՏՈՍ խոցել: «Հրամանատարը կապվեց մեզ հետ ու ասաց, որ դիրքերում ՏՈՍ կա, շատ արագ կազմակերպենք մեր գործողությունները ու խփենք այն: Մենք էլ արագ թիրախավորեցինք ու երրորդ, չորրորդ փորձից հետո խփեցինք: Տասնհինգ օրվա մեջ, որ եղել եմ Ջաբրայիլում, դա մեր ամենաուրախ օրն էր, իրոք շատ հպարտ էինք»,- հիշում է Գարիկը:
Գարիկն ու նրա զինակից ընկերները մահից, ինչպես ինքն է ասում, Աստծո հրաշքով են փրկվել: «Յոթ-ութ մեքենայի շարասյուն էինք կազմել, գնում էինք, դիմացի երեք մեքենային խփեցին, մենք հազիվ հասցրինք դուրս գալ մեքենայից ու փրկվեցինք: Այդպես Ջաբրայիլից ոտքով գնացինք մինչեւ Կապան»,- պատմում է Գարիկը:
Մինչեւ պատերազմին մասնակցելը Գարիկը կարծում էր, որ պատերազմում առաջնայինը զինվորի ուժն ու համարձակությունն են: Պատերազմի ընթացքում հասկացավ, որ մերօրյա պատերազմներում շատ կարեւոր են նաեւ ժամանակակից ռազմատեխնիկան ու խելացի մարտավարությունը: «Մենք կռվում էինք ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի դեմ, իսկ Թուրքիայի բանակն աշխարհում ամենաուժեղներից է: Նույնիսկ այս ամենը հաշվի առնելով՝ կարող եմ ասել, որ մենք իրենց հետ հավասար կռվում էինք: Իրենք հաղթեցին իրենց թվային գերազանցության շնորհիվ»,- կարծում է Գարիկը:
Պատերազմը Գարիկին սովորեցրել է գնահատել կյանքի ամեն մի պահը: «Պատերազմի ընթացքում ամբողջ կյանքդ աչքիդ առջեւով անցնում է, հիշում ես ապրածդ ամեն վայրկյանը: Մարտի դաշտում ես չէի վախենում ո՛չ մահից, ո՛չ թշնամուց, ո՛չ էլ արկից, միայն մտածում էի, թե ինչ կկատարվեր հարազատներիս հետ, եթե ինձ մի բան պատահեր, ու երբ դա պատկերացնում էի, ամեն ինչ անում էի, որ չզոհվեմ»,- ասում է Գարիկը:
Տղան արդարացնում է պատերազմն այս կերպ դադարեցնելը, եթե ամեն ինչ այնպես է, ինչպես ներկայացնում են: Իսկ եթե այլ բաներ էլ կան, ապա, գուցե, ուրիշ ելք լիներ:
Գարիկն այժմ էլ ժամկետային զինծառայող է ու դեռ հինգ ամիս պիտի ծառայի: