Չինաստանը՝ նորությունների լուսաբանման կանոնների լրջագույն խախտման համար, իր տարածքում արգելել է BBC World News-ի հեռարձակումը, քանի որ, երկրի իշխանությունների տեսանկյունից՝ ալիքի ռեպորտաժները չէին համապատասխանում ճշմարտախոսության եւ անաչառության սկզբունքներին, խաթարում էին Չինաստանի ազգային շահերն ու էթնիկ համերաշխությունը:
Չինաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության ազգային վարչությունը (NRTA) հայտարարել է, որ հաջորդ տարվա համար չի ընդունելու BBC World News-ի դիմումը։
BBC World News-ը բազմիցս անդրադարձել է Չինաստանի արեւմուտքում Սինցզյան շրջանի հազարավոր մահմեդականների (ույղուրների եւ էթնիկ այլ խմբերի) իրավունքների խախտմանը:
Սակայն հեռարձակման արգելքի գլխավոր պատճառն այն է, որ China Global Television Network հեռաստաալիքը Մեծ Բրիտանիայում զրկվել է հեռարձակման արտոնագրից՝ չինական կոմկուսի վերահսկողության տակ լինելու մեղադրանքով:
Հեռարձակողների գործունեությունը կարգավորող բրիտանական Ofcom գործակալությունը հայտարարել է, որ դա չի համապատասխանում խմբագրական անկախության մասին բրիտանական օրենքի պահանջներին:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը Չինաստանում BBC World News-ի հեռարձակման արգելքի մասին որոշումը որակել է իբրեւ «զանգվածային լրատվամիջոցների ազատության անթույլատրելի սահմանափակում»:
BBC World News –ը 1991-ից հեռարձակվող եւ աշխարհի 200 երկրներում 84 միլիոնանոց ամենօրյա լսարան ունեցող միջազգային լրատվական շուրջօրյա հեռուստաալիք է։